Բեռնում...
«Այս իշխանությունները ձգտում են հասնել Ադրբեջանին՝ ապօրինի կալանքներով, քաղբանտարկյալներով»․ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան․ Aysor.am
15-01-2026 13:43 | Կարծիք

«Այս իշխանությունները ձգտում են հասնել Ադրբեջանին՝ ապօրինի կալանքներով, քաղբանտարկյալներով»․ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան․ Aysor.am

Հասկանում եմ՝ ինչու է Նարեկ Սամսոնյանը դիմել այդ քայլին. դա միայն իր հարցը չէ, բոլորիս հարցն է, Aysor.am-ի հետ զրույցում ասել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլին։

Իրավապաշտպանն ընդգծեց՝ Նարեկ Սամսոնյանի կալանքը բացահայտ ապօրինի է, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններն էլ պատշաճ չեն արձագանքում.

«Դատապարտելի է այն անտարբերությունը, որ կա։ Ցավոք, քաղաքացիական հասարակություն էլ որպես այդպիսին չկա, որ արձագանքի։ Ակնհայտ ապրօինի կալանք է, և Նարեկ Սամսոնյանի իրավունքն է հացադուլ հայտարարել, սակայն այդ հարցը պետք է լուրջ ուշադրության արժանանա։ Սա միայն մեկ մարդու հարց չէ, այլ լրատվամիջոցների, խոսքի ազատության հարց է, և դրա շուրջ պետք է լինի մեծ արձագանք»։

Ժաննա Ալեքսանյանը շեշտում է՝ չի կարելի թույլ տալ, որ հացադուլը շարունակվի այնքան, որ Նարեկ Սամսոնյանի առողջությունը վտանգվի։ Նաև հիշեցնում է՝ այս իրավիճակը ստեղծվել է Ալեն Սիմոնյանի քմահաճույքի պատճառով.

«Կալանքի տակ գտնվում է Նարեկ Սամսոնյանը, մինչդեռ առաջինը հենց Ալեն Սիմոնյանն էր վիրավորել։ Սա բացահայտ ապօրինի կալանք է՝ ընդամենը Ալեն Սիմոնյանի քմահաճույքի հետևանքով, և քանի որ վերջինս անպատիժ է մնում, այս ամենը շարունակվում է։ Այս իշխանությունները, ընդհանրապես, անում են՝ ինչ ուզում են։ Երբ Ալեն Սիմոնյանը թքում էր մարդու վրա, պետք է պատասխանատվության ենթարկվեր, սակայն տեսնում ենք, որ իրավապահ համակարգը ծառայում է մեկ մարդու։ Գլխավոր դատախազից սկսած՝ ողջ համակարգը ծառայում է մեկ անձի, և արդյունքում իրավապահ համակարգը մեռած է»։

Իրավապաշտպանն ասում է, որ թեև դատախազը իրավասու է ապօրինի կալանքից ազատել Սամսոնյանին, սակայն երկրում ապօրինություններն այնքան շատ են, որ արդարության վերականգման հույսեր չկան։

«Ալեն Սիմոնյանի դեպքում դատախազը հայտարարեց, որ հանցակազմ չկա, իսկ Նարեկ Սամսոնյանի դեպքում կալանքը երեք ամսով երկարացվում է՝ այն դեպքում, երբ նա արդեն շուրջ քառասուն օր կալանքի տակ էր։ Ապօրինի կալանքների, քաղբանտարկյալների հետ կապված այնպիսի իրավիճակ է Հայաստանում, որ կարծես ձգտում են հասնել Ադրբեջանին, չտարբերվել Ադրբեջանից։ Ուզում են ունենալ քաղբանտարկյալներ, ընտրություններից առաջ լռեցնել ազատ խոսքը»,-եզրափակում է Ալեքսանյանը։

Աղբյուր՝ Aysor.am