Պայքարի խորհրդարանական գործիքակազմից կամավոր հրաժարումը ոչ թե հարված է իշխանությանը, այլ սեփական դիրքերի կամավոր հանձնում. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է.
«Ժամանակակից հայաստանյան քաղաքական դիսկուրսում պարբերաբար շրջանառության մեջ է դրվում մի թեզ, որն իր հուզական հնչեղությամբ գրավիչ է, սակայն քաղաքագիտական և իրավական առումով՝ բացարձակապես սնանկ։ Խոսքը ընդդիմության կողմից պատգամավորական մանդատները վայր դնելու կամ դրանք «չվերցնելու» պահանջի մասին է։ Այս թեզը հաճախ մատուցվում է որպես սկզբունքայնության գագաթնակետ, մինչդեռ իրականում այն արհեստածին է, հանրային հուսահատության վրա կառուցված և զուրկ քաղաքական բովանդակությունից։ Իշխանափոխությունը մեխանիկական կամ սիմվոլիկ ակտ չէ, այն չի կարող տեղի ունենալ «օդից»։ Դա բարդ, ինստիտուցիոնալ և իրավաքաղաքական ընթացակարգերի համալիր է, որտեղ մանդատը ոչ թե արտոնություն է, այլ իշխանության փոփոխության հասնելու առանցքային գործիք։
Քաղաքականության մեջ պարզ մեխանիկական իշխանափոխություն գոյություն չունի։ Նույնիսկ այն դեպքում, երբ փողոցում առկա է հսկայական հանրային ճնշում, այդ ճնշումը պետք է կապիտալիզացվի և իրավական ձևակերպում ստանա խորհրդարանի դահլիճում։ Եթե դիտարկենք 2018 թվականի իրադարձությունները, ապա ակնհայտ է, որ չնայած համաժողովրդական մեծ ճնշմանը և գործող համակարգի փաստացի փլուզմանը, Նիկոլ Փաշինյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում տեղի ունեցավ բացառապես Ազգային ժողովում՝ սահմանադրական ընթացակարգերով։
«Մանդատները վայր դնելու» պահանջը հաճախ գեներացվում է կա՛մ էմոցիոնալ դաշտում գործող անհատների, կա՛մ հենց իշխանական քարոզչամեքենայի կողմից, որի համար ձեռնտու է ազատվել խորհրդարանական վերահսկողությունից։ Ի՞նչ է տեղի ունենում մանդատները վայր դնելուց հետո։ Խորհրդարանը չի դադարում գործել, այն շարունակում է ընդունել օրենքներ և վավերացնել միջազգային պայմանագրեր՝ արդեն առանց որևէ դիմադրության։ Արդյունքում ընդդիմությունը պարզապես զրկվում է ամբիոնից, միջազգային պատվիրակությունների հետ պաշտոնական շփումների ձևաչափից, քննիչ հանձնաժողովներ ստեղծելու և Սահմանադրական դատարան դիմելու լիազորություններից։ Պայքարի խորհրդարանական գործիքակազմից կամավոր հրաժարումը ոչ թե հարված է իշխանությանը, այլ սեփական դիրքերի կամավոր հանձնում։
Մանդատը պատգամավորի սեփականությունը չէ, այն ընտրողի կողմից տրված վստահության և պայքարի լեգիտիմ հանձնարարական է։ Իշխանափոխությունը պահանջում է քաղաքական հասունություն, ռազմավարական համբերություն և բոլոր հնարավոր հարթակների՝ թե՛ փողոցի, թե՛ խորհրդարանական ամբիոնի համադրում։ Մանդատները չվերցնելու կամ դրանք վայր դնելու թեման արհեստածին է և քաղաքականապես անպատասխանատու, քանի որ իրական քաղաքական արդյունքի հասնում են ոչ թե գործիքները դեն նետելով, այլ դրանք նպատակային ու հմտորեն կիրառելով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։