Ի՞նչ «անպարկեշտ, վիրավորական» բառով եմ ես բնութագրել վարչապետին․ Լևոն Զուրաբյան
Լևոն Զորաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ի՞ՆՉ «ԱՆՊԱՐԿԵՇՏ, ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ» ԲԱՌՈՎ ԵՄ ԵՍ ԲՆՈւԹԱԳՐԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Հանրային ռադիոյով իմ հեռացված հարցազրույցի շուրջ սկանդալը նոր զարգացումներ ստացավ: Հատուկ հայտարարությամբ հանդես է եկել նաև Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանը, որի տեքստ բերված է ստորև.
«ՀԱՐԳԵԼԻ ՕԳՏԱՏԵՐ
Հայաստանի հանրային ռադիոյում խոսքի ազատությունը չի սահմանափակվում և չի կարող սահմանափակվել նաև Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների ու կառույցի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի պարագայում:
Ասվածի վկայությունն է, որ հրավիրել էինք ընդդիմադիր գործչին՝ ներկայացնելու քաղաքական անցուդարձի վերաբերյալ իր դիրքորոշումները։ Չի եղել մտադրություն «ջնջելու» հարցազրույցը, քանի որ այդ դեպքում կհեռացվեին նաև անոնսային կտորները (reels):
Այդուհանդերձ, մեր թողարկումներում չի կարող լինել վիրավորական խոսք որևէ մեկի հասցեին՝ իշխանական, թե ընդդիմադիր։
Հարցազրույցում մեկ խիստ անպարկեշտ բառ հեռացվել է մոնտաժի եղանակով: Խոսքը ՄԵԿ ԲԱՌԻ ՄԱՍԻՆ Է: Այդ որոշումն անձամբ ես եմ ընդունել: Այն, որ հարցազրույցի առաջին տարբերակում պահպանվել Է այդ խոսքը, մեր բաղթողումն է, և հաղորդման հեղինակը ենթարկվել է կարգապահական խիստ տույժի։
Դիմում ենք բոլոր քաղաքական գործիչներին. Հանրային ռադիոյի առաքելությունն Է արտահայտվելու հնարավորություն ընձեռել բոլորիդ, բայց եթե վիրավորանք հնչի, առանց վարանելու կհեռացնենք, եթե, իհարկե, խոսքն ուղիղ, ասել Է թե, չվերասհկվող եթերի մասին չԷ:
Մոտենում են ընտրությունները, որոնք ենթադրաբար դյուրին չեն լինի. թող բոլորը գան՝ ներառյալ ՀԱԿ ներկայացուցիչները:
Եկեք խոսեք, միայն թե իրար ՄԻ՛ ՎԻՐԱՎՈՐԵՔ: Հանրային ռադիոն մեր ժողովրդինն Է. մեր ժողովուրդը վիրավորանքը մերժում Է:
Հարգանքով՝
Արմեն Քոլոյան
Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն»
Խոսքը վերաբերում է 13:55 վայրկյանից իմ ասված հետեևյալ դրվագին.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք ինչ֊որ դեպքերում միգուցե համագործակցեին Ազգային Անվտանգության Ծառայության հետ, հիմա մտածելու են, որ մի ... («ԱՆՊԱՐԿԵՇՏ, ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԲԱՌ») վարչապետ կարող է թելադրել կամ հրամայել ԱԱԾ֊ին բացահայտել իր գործակալների անունները, և այդ մարդիկ այսուհետ հայկական Ազգային Անվտանգության Ծառայության հետ այլևս չեն համագործակցի:»
Փաստորեն, Հանրային ռադիոն հեռացրել է իմ ամբողջ հարցազրույցը մի բառի պատճառով, հետո հանրային ճնշման տակ վերականգնել է այն, հեռացնելով այդ ՄԻ ԲԱՌԸ:
24 ժամ հետո ես կբացահայտեմ գրաքննությանն արժանացած այդ ՄԻ ԲԱՌԸ, իսկ այս ընթացքում առաջարկում եմ հանդես գալ ձեր սեփական վարկածներով: Լավագույն պատասխանները կարժանանան մրցանակների, իսկ վաղը ես կհրապարակեմ Հանրային ռադիոյի կողմից ջնջված այդ բառը և միասին կքննարկենք, թե ինչքանով համարժեք է այդ բնութագիրը երկրի գործող վարչապետի համար: Առայժմ մաղթում եմ հաճելի լսում»: