Կանա՞նց էլ կուղարկեն դիրքեր. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ իր գրառմամբ հաստատեց մեր լուրը, որ բարձրաստիճան զինվորականներին գործուղում են սահման, քանի որ բանակում` ոչ ռազմական պայմաններում մահվան դեպքերն աննախադեպ շատ են, իսկ պատճառն այն է, որ ոչկանոնագրային հարաբերություններ են տիրում բանակում, օրինակ, զինվորները դիրքերում քնելու համար «քֆուր են դնում» իրար վրա, ինչից հետո վիճաբանություններ են տեղի ունենում, որոնք ավարտվում են զինվորի մահով:
Զինվորներին կա՛մ հասցնում են ինքնասպանության, կա՛մ սպանում են, եւ դա վատ վերահսկողության, վատ հրամանատարական աշխատանքի պատճառով է: Մենք նաեւ գրել էինք, որ արդեն իսկ 1-2 ամսով որոշ բարձրաստիճանների գործուղել են սահման՝ կարգուկանոն հաստատելու: Մեր աղբյուրը հաղորդում է, որ այս որոշումը վերաբերում է ոչ միայն զինվորական տղամարդկանց, այլեւ՝ կանանց: Կին բարձրաստիճաններին եւս կարող են գործուղել դիրքեր: