Հայաստանի Հանրապետության 35-ամյա ջահել անկախությունն այսօր վերակենդանացման բաժանմունքում է։
ՀՀ անկախության Հռչակագրի ընդունման օրն էր, մեկ օր առաջ, 35 տարի առաջ։
Պարզ հիշում եմ այդ օրը, ՀՀ կառավարության Մելիք-Ադամյան նիստերի դահլիճում հնչեց ՀՀՇ-ի Արամ Մանուկյանի ձայնը․«Հայաստանի Հանրապետությունը հռչակվում է անկախ պետություն»։Դահլիճում ոտքի կանգնեցին, ծափահարեցին ու՝ լաց եղան։ Փողոցներում ողջագուրվում էին, շնորհավորում։
Դա 1990-ի օգոսսոտոսի 23-ն էր։
Սկսվել էր արցախյան շարժումը, Բաքվում եւ Սումգայիթում սկսվում էին ջարդեր, արցախցիները ոտքի էին հանուն իրենց ինքնորոշման իրավունքի եւ անկախության, Երեւանում մեկ բառ էր զնգում․«Մի-ա-ցում»։ Երկրում անծանոթ, հաճելի, տարօրինակ բույրեր էին, երբեք չասված խոսքեր, մարդիկ կարծես վերածնվում էին ու առաջ գնում։ Ես երկար լաց էի լինում, չկարողանալով բացատրել ինքս ինձ անգամ, թե ի՞նչու եմ այսպես լացկան եւ ուրախ։ Արբած էինք, նաեւ՝ հարբած ու երջանիկ։ Կյանքիս լավագույն օրերից էր։ Հաստատ։
Ա՞յսօր, այս օրը ոչ մի աղերս չունի 1990-ի այս օրվա հետ։ Այսօր մեր անկախությունը կամաց-կամաց քանդում են, այսօր թշնամական դանդաղ օգտագործման ռումբը սկսել է իր գործը։ Այսօր անկախությունը մանրադրամի պես նետում են իրենց ուրացումի ուղերձներում սրանք, այս ոչինչները, այս ուրացող-վաճառական չարչիները։ Այս օրը պարտավոր ենք արագ սրբագրել, մաքրել այս ոչինչը եւ կրկին մաքուր օդ , մաքուր մտքեր եւ մաքուր հայրենիք պարգեւել արդեն ոչ թե մեզ, , մեր երեխաներին, այլ՝ առաջին հերթին մեր թոռներին եւ գալիք սերնդին։ Պարտավոր ենք մաքուր օդ բերել։ Մեր պետականության անկախությանը թթվածին է հարկավոր, վերջնականապես շնչահեղձ չլինելու համար։ Հայաստանի Հանրապետության 35 ամյա ջահել անկախությունն այսօր վերակենդանացման բաժանմունքում է։ Պարտավոր ենք աչալուրջ լինել, որ ներսի թշնամին չշարունակի մեզ բթացնել եւ վերջնականապես չանջատի թթվածնի բալոնները։Իսկ դրա համար պետք է՝
ՍԻՐԵԼ ԷՍ ԵՐԿԻՐԸ
ՍԻՐԵԼ ԷՍ ՓԽՐՈՒՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
ՍԻՐԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ
ՉՎԱԽԵՆԱԼ ՊԱՅՔԱՐԻՑ
ՉԸՆԿՐԿԵԼ․․
Շնորհավոր ՀՀ Անկախության Հռչակագրի ընդունման օրը
Մարգարիտ Եսայան