Արաղչին Թեհրանում ընդունել է ամերիկյան ուղերձով ժամանած պակիստանյան պատվիրակությանը
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ընդունել է Պակիստանի բանակի շտաբի պետ Ասիմ Մունիրին, որը Թեհրան է ժամանել Վաշինգտոնից հաղորդագրություն փոխանցելու համար։ Ֆելդմարշալին դիմավորելու տեսանյութը՝ համապատասխան գրառմամբ, Արաղչին հրապարակել է X սոցիալական հարթակում։
«Ես շնորհակալություն հայտնեցի Պակիստանին երկխոսությունը բարեհաճորեն հյուրընկալելու համար՝ ընդգծելով, որ սա արտացոլում է մեր խորը և հրաշալի երկկողմ հարաբերությունները», – գրել է Արաղչին ապրիլի 15-ի երեկոյան։
Նա նշել է, որ Իրանի և Պակիստանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը խթանելու հարցում «մնում է ամուր և համատեղ»։
Իրանական Press TV-ն հաղորդում է, որ պակիստանյան պատվիրակության այցի նպատակն է ԱՄՆ-ի ուղերձը փոխանցել Իրանի ղեկավարությանը և պլանավորել բանակցությունների հաջորդ փուլը։
Միևնույն ժամանակ, Tasnim լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Իրանը պաշտոնական գնահատում կանցկացնի՝ որոշելու, թե արդյոք կմասնակցի ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլին։
«Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրի գլխավորած պակիստանյան պատվիրակության և իրանցի պաշտոնյաների միջև այսօրվա հանդիպումից հետո իրանական թիմը կանցկացնի անհրաժեշտ վերլուծություն, որից հետո որոշում կկայացվի Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլի վերաբերյալ», – գործակալությանը հայտնել է իրազեկ աղբյուրը։
Նա հավելել է, որ Լիբանանում հրադադարը «դրական ազդանշան» կլինի Իրանի համար՝ բանակցությունների հաջորդ փուլի վերաբերյալ որոշում կայացնելու առումով։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի շփումները շարունակվում են, և որ Թեհրանը կհյուրընկալի պակիստանյան պատվիրակությանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ առաջիկա օրերին Իրանի հետ բանակցությունները կարող են վերսկսվել։
Փետրվարի 28-ին մեկնարկած ամերիկա-իսրայելական ռազմական գործողություններից հետո ապրիլի 8-ի գիշերը ձեռք բերված երկշաբաթյա հրադադարի ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն Պակիստանում բանակցություններ են անցկացրել, սակայն չեն կարողացել համաձայնության գալ։ Ապրիլի 13-ին ԱՄՆ-ն հայտարարել է, որ շրջափակում է իրանական նավահանգիստները։
Աղբյուր՝ AntiFake.am