Արաղչին Օմանի ԱԳ նախարարին է ներկայացրել ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագրի կետերը
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ամերիկյան կողմի հետ Ժնևում փետրվարի 26-ին կայանալիք անուղղակի բանակցություններից առաջ հանդիպել է օմանցի գործընկերոջ՝ Բադր ալ-Բուսաիդիի հետ։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Հանդիպման ընթացքում Արաղչին ներկայացրել է պատժամիջոցների վերացման և միջուկային հարցերի լուծման վերաբերյալ հնարավոր համաձայնագրի պայմանները։
Նա հայտարարել է, որ հնարավորություն կա հասնելու Իրանի և Միացյալ Նահանգների միջև արդար և հավասարակշռված լուծման՝ ընդգծելով, որ իր երկիրը «շատ դասեր է քաղել անցյալից»։ Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ իրենք պատրաստ են թե՛ պատերազմին, և թե՛ խաղաղությանը։
Արաղչին վերահաստատել է, որ Իրանը չի հրաժարվի խաղաղ միջուկային ծրագրի իր իրավունքից։
Իրանի արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ժնև՝ մասնակցելու ԱՄՆ-ի հետ անուղղակի միջուկային բանակցությունների երրորդ փուլին։ Ժնևում է նաև բանակցություններում ամերիկյան կողմը ներկայացնող հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։
Հունվարին Սպիտակ տունը զգուշացրել էր, որ լրջորեն քննարկում է Իսլամական Հանրապետության դեմ ուժի կիրառման հնարավորությունը։ Այդ ժամանակ Վաշինգտոնը հույս էր հայտնել, որ Թեհրանը կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կհասնի «արդար և հավասար» համաձայնագրի, որը կենթադրի միջուկային զենքի լիակատար վերացում։ Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չունեն միջուկային ռումբ մշակելու մտադրություն։