ՌԴ քաղաքացիների ձերբակալման բարձր ռիuկ ունեցող երկրների թվին է դասվում նաև Հայաստանը. ՌԴ ԱԳՆ
ՌԴ քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների թվին է դասվում նաև Հայաստանը: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ մարդու իրավունքների ոլորտում բազմակողմ համագործակցության դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Լուկյանցևը:
«Շատ պետություններ ոչ միայն Եվրոպական միությունում, այլև ավելի լայն համատեքստում, ունեն հանձնման, արտահանձնման որոշակի պարտավորություններ: Այս ամենը պետք է հաշվի առնել այն ռիսկերը գնահատելիս, որոնց մարդիկ կարող են բախվել, եթե մեկնում են արտերկիր»,- ասել է Լուկյանցևը:
Դիվանագետն ընդգծել է, որ ԱԳՆ-ն չի որոշում, թե ռուսաստանցիներն ուր գնան և ուր՝ ոչ: Նախարարությունը միայն կարող է հանձնարարել չայցելել որոշակի երկրներ, եթե քաղաքացիները կարծում են, որ կարող են խնդիրներ ունենալ ամերիկյան կամ եվրոպական իշխանությունների հետ հարաբերություններում:
ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ի հարցումներով Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների թվին են դասվում Եվրոպայի և Լատինական Ամերիկայի մեծ մասը, ինչպես նաև Ավստրալիան, Կանադան, Հայաստանը, Իսրայելը, Մալդիվները, Հարավային Կորեան, Սինգապուրը, Թաիլանդը, Ֆիջին, Շրի Լանկան, Լիբերիան և Մարոկկոն:
Միևնույն ժամանակ նախարարությունում նշում են, որ այս ցանկը չի ներառում ԱՄՆ-ի հետ արտահանձնման պայմանագրերով կապված բոլոր երկրները:
Աղբյուր՝ AntiFake.am