Հայազգի նկարչուհի Էլեոնոր Էքսերջյանը նշանադրվել է արքայադուստր Մարգարետի թոռան՝ Սամուել Չատոյի հետ
Հայազգի բրիտանացի նկարչուհի և կինոարվեստագետ Էլեոնոր Էքսերջյանը նշանադրվել է բրիտանական թագավորական ընտանիքի անդամ Սամուել Չատոյի հետ։ Զույգը ուրախալի լուրը հայտնել է հուլիսի 13-ին՝ սոցիալական ցանցերում հրապարակելով համատեղ սև-սպիտակ լուսանկարներ։ Նշանադրությունը հաստատել է նաև Բուքինգհեմյան պալատը՝ հայտնելով, որ զույգի ընտանիքները հիացած են, իսկ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը շատ ուրախ է նրանց համար։ Հարսանիքը նախատեսվում է անցկացնել 2027 թվականի գարնանը։
Սամուել Չատոն ամուսնության առաջարկն արել է իր ձեռքով պատրաստած ճենապակյա մատանիով։ Նա մասնագիտությամբ կերամիկագործ և նկարիչ է, ուստի ոչ ավանդական մատանու ընտրությունը խորհրդանշում է նաև զույգի ընդհանուր կապն արվեստի և ձեռագործ աշխատանքի հետ։ Նշանադրության մասին գրառման մեջ Սամուելը նշել է, որ ինքն ու Էլեոնորը չափազանց երջանիկ են։
29-ամյա Էլեոնոր Էքսերջյանը ծնվել և մեծացել է Մեծ Բրիտանիայում։ Նա նկարիչ և կինոարվեստագետ է, որի ստեղծագործություններում կարևոր տեղ են զբաղեցնում հայկական ինքնությունը, սփյուռքի հիշողությունն ու հայրենիքի ընկալումը։ 2022 թվականին Էքսերջյանն առաջին անգամ այցելել է Հայաստան, որտեղ նկարահանել է իր առաջին՝ «Imagined Landscapes» ֆիլմը։ Նրա հետագա աշխատանքներում ևս միահյուսվել են Հայաստանի և Մեծ Բրիտանիայի բնապատկերներն ու մշակութային հիշողությունը։
Էլեոնորը սերում է արվեստի և մշակույթի հետ սերտորեն կապված ընտանիքից։ Նրա հայրը՝ Դեյվիդ Էքսերջյանը, Լեսթերի համալսարանի արվեստի և կինոյի պատմության պատվավոր պրոֆեսոր է և հեղինակավոր արվեստաբան։ Մայրը՝ Սյուզան Մուրը, արվեստի պատմաբան և քննադատ է, որը երկար տարիներ համագործակցել է բրիտանական Financial Times-ի հետ։
Սամուել Չատոն արքայադուստր Մարգարետի՝ հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ II-ի քրոջ թոռն է։ Նրա մայրը՝ լեդի Սառա Չատոն, արքայադուստր Մարգարետի և լուսանկարիչ Անթոնի Արմսթրոնգ-Ջոնսի միակ դուստրն է ու Չարլզ III թագավորի զարմուհին։ Սամուելի հայրը՝ Դենիել Չատոն, նկարիչ և նախկին դերասան է։ Սամուելն ունի նաև կրտսեր եղբայր՝ Արթուր Չատոն։
Սամուելը 2018 թվականին ավարտել է Էդինբուրգի համալսարանի արվեստի պատմության բաժինը, այնուհետև սովորել է Թագավորական նկարչական դպրոցում։ Նա ներկայում ստեղծում է կերամիկական և փորագրական աշխատանքներ, իսկ իր մասնագիտական ուղու սկզբում աշխատել է Շոտլանդիայի North Shore Pottery արվեստանոցում։
Էլեոնորն ու Սամուելը ծանոթացել են Էդինբուրգի համալսարանում և հանդիպում են 2021 թվականից։ Զույգի հարաբերությունների լրջության մասին խոսակցությունները տարածվել էին դեռևս 2024 թվականին, երբ Էլեոնորը Սամուելի հետ մասնակցել էր թագավորական ընտանիքի Սուրբծննդյան հավաքին Սանդրինգհեմում։ 2026 թվականի հունիսին նրանք միասին ներկա էին նաև Փիթեր Ֆիլիպսի և Հարիեթ Սփերլինգի հարսանիքին։
Չնայած Սամուել Չատոն թագաժառանգության հերթում է և պարբերաբար մասնակցում է թագավորական ընտանիքի կարևոր միջոցառումներին, նա չունի արքայական պաշտոնական պարտականություններ։ Էլեոնոր Էքսերջյանի հետ նրա ամուսնությունը երկու արվեստագետ ընտանիքների միություն կլինի՝ հայկական մշակութային արմատները միավորելով բրիտանական թագավորական ընտանիքի ստեղծագործական ճյուղի հետ։
Աղբյուր՝ AntiFake.am