Արտաքին հակառակորդին թուլացնելու քաղաքականությունը չի կարող փոխարինել սեփական պետության կայունության և քաղաքացիների բարեկեցության ապահովմանը
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Եվրոպական մի շարք պետությունների քաղաքական ղեկավարությունները տարիներ շարունակ իրենց արտաքին քաղաքականության առանցքում դրել են Ռուսաստանի թուլացման և միջազգային ազդեցության սահմանափակման ռազմավարությունը։ Սակայն այսօր այդ նույն երկրները կանգնած են ներքաղաքական լուրջ մարտահրավերների, հասարակական բևեռացման և սեփական քաղաքացիների դժգոհության աճի առջև։
Եվրոպական քաղաքներում պարբերաբար տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերն ու հասարակական ընդվզումները վկայում են իշխանությունների և հասարակության որոշ հատվածների միջև խորացող անվստահության մասին։ Հատկանշական է հատկապես երիտասարդ սերնդի դժգոհությունը, որն ավելի ու ավելի վճռականորեն է վիճարկում քաղաքական վերնախավերի որոշումները՝ պահանջելով ազատությունների, ժողովրդավարական սկզբունքների և ազգային շահերի իրական պաշտպանություն։
Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ արտաքին հակառակորդին թուլացնելու քաղաքականությունը չի կարող փոխարինել սեփական պետության կայունության, հասարակական համերաշխության և քաղաքացիների բարեկեցության ապահովմանը։
Հայտնի ասացվածքն ասում է. «Ուրիշի համար փոս մի՛ փորիր, ինքդ կընկնես մեջը»։
Այսօր այդ խոսքերը եվրոպական որոշ քաղաքական առաջնորդների համար հնչում են ոչ միայն որպես ժողովրդական իմաստություն, այլև որպես սեփական ռազմավարական սխալների հետևանքների մասին լուրջ նախազգուշացում»։
Աղբյուր՝ AntiFake.am