Բեռնում...
Ավելի լավ է կորցնել տասնյակ ռոբոտներ, քան մեկ զինվոր․ ապագայի պաշտպանության հիմքում այս բանաձևն է
05-08-2026 15:22 | Կարծիք

Ավելի լավ է կորցնել տասնյակ ռոբոտներ, քան մեկ զինվոր․ ապագայի պաշտպանության հիմքում այս բանաձևն է

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ուկրաինան, ռազմաճակատի գիծն արագորեն վերածում է նոր ռազմական տեխնոլոգիաների փորձարկման հարթակի։ Թեև ՆԱՏՕ-ից անընդհատ ստացվող անօդաչու սարքերի շնորհիվ, օդում հասել է որոշակի առավելության, այնուամենայնիվ՝ ցամաքային մարտերում զգալիորեն զիջում է ռուսականին։

Այս իրավիճակը փոխելու նպատակով, Կիևը նախատեսում է լայնորեն կիրառել մարտական ռոբոտներ, որոնք արդեն իսկ կատարում են զորքերի մատակարարման, ականազերծման, վիրավորների տարհանման և նույնիսկ մարտական գործողություններին մասնակցության առաջադրանքներ։

Ինչպես գրում է Bloomberg գործակալությունը, Ուկրաինայում նախատեսում են մինչև ընթացիկ տարվա վերջ արտադրել շուրջ 50.000 ցամաքային ռոբոտացված համալիրներ, որպեսզի կարողանան կրճատել Ռուսաստանի հետ զինուժի թվաքանակային տարբերությունը։
Ցամաքային մարտական ռոբոտներն աստիճանաբար դառնում են մարտական ստորաբաժանումների անբաժանելի մաս։ Դրանք համալրվում են հրանետներով, գնդացիրներով, նռնականետերով, ինքնաոչնչացման համակարգերով և այլ տեսակի սպառազինությամբ։

ՆԱՏՕ-ի անդամ երկրներն, այսօր ահռելի միջոցներ են հատկացնում պաշտպանությանը, մասնավորապես՝ անօդաչու համակարգերին, ինչպես նաև աստիճանաբար զարգացող և սպառազինության վերցվող ցամաքային ռոբոտացված համակարգերին։

Նշենք, որ գերժամանակակից սպառազինության և անմիջապես կիրառման փորձերից հետ չի մնում նաև Ռուսաստանը: Ըստ էության, չորս տարուց ավելի ընթացող ռուս-ուկրաինական պատերազմը, մոդեռնիզացվող սպառազինությունների կիրառման պրակտիկան ընդլայնվում է ավելի արագ տեմպերով, քան կարելի էր պատկերացնել։

Եթե մեկ տարի առաջ ցամաքային ռոբոտները հիմնականում ռազմաճակատի գիծ էին հասցնում սնունդ և զինամթերք, ապա այժմ դրանք կարող են պահել դիրքեր, իրականացնել գրոհներ առանց հետևակի մասնակցության, ինչպես նաև գործել դրոնների հետ համատեղ՝ ձևավորելով անօդաչու հարվածային խմբեր։

«Ավելի լավ է կորցնել տասնյակ ռոբոտներ, քան մեկ զինվոր»։ Ակնհայտ է, որ ապագայի պաշտպանության հիմքում այս բանաձևերն են դրվում:

Մարդու գործոնը պատերազմից ամբողջովին դուրս բերել, բնականաբար հնարավոր չէ: Իվերջո՝ մարդն է հաղթում կամ պարտվում պատերազմում: Սակայն մարդկային կորուստները նվազագույնի հասցնելու, հակառակորդին՝ տեխնիկա-տեխնոլոգիան բոլոր միջոցների ներդաշնակեցմամբ ճնշելու խնդիրները ԶՈւ գլխավոր շտաբների հիմնական մտահաղացումներն են լինելու:

Հ.Գ. Սերժանտի, սպայի, գեներալի պրոֆեսիոնալ արժանիքները, ոչ հեռու ապագայում չափվելու են ոչ թե հնացող ատեստացիայով ու ֆիզկուլտուրայի գնահատականով, այլ առկա տեխնոլոգիական զինատեսակների և ԱԲ-ի կիրառման հմտություններով, գիտելիքահեն որոշումներ կայացնելու փորձառությամբ ու հակառակորդի համարժեք գործողությունները կանխատեսելու կարողությամբ:

Աղբյուր՝ AntiFake.am