Բեռնում...
Մի՛ թելեք Փաշինյանի թելը. «Բջնին» չեն խլել, «Բջնին» վաճառել են, հայ գնորդը գնել է. փրկել են, որ պետությունն այդ գործարանի աշխատանքից հարկային եկամուտներ ստանա.168.am
04-08-2026 23:37 | Լուրեր

Մի՛ թելեք Փաշինյանի թելը. «Բջնին» չեն խլել, «Բջնին» վաճառել են, հայ գնորդը գնել է. փրկել են, որ պետությունն այդ գործարանի աշխատանքից հարկային եկամուտներ ստանա.168.am

168.am-ը գրում է. «Մամուլն այսօր, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից Գագիկ Ծառուկյանին ունեզրկելուն ու դրա հետևանքներին, հետևյալ համեմատությունն էր անցկացրել՝ գրելով.

«Ինչպես Ռուբեն Հայրապետյանը չմարսեց Խաչատուր Սուքիասյանից «Բջնին» վերցնելը, այնպես էլ Փաշինյանը չի մարսելու Ծառուկյանի գույքը խլելը։ Մանավանդ՝ այն դեպքում ուղղակի գործարանն էժան գնով էր վաճառվել, այս դեպքում խլում են՝ առանց մի դրամ մարդու ստեղծածի դիմաց վճարելու»:

Թե որքան է համեմատությունը տեղին, թող դատի ընթերցողը. մենք կներկայացնենք փաստեր:

Դեռևս 2019թ. դեկտեմբերի 14-ին 168.am«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Ռուբեն Հայրապետյանն, անդրադառնալով թեմային, ասել էր.

«Ես չեմ կարծում, որ Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ ճնշումներ են եղել Լևոն Տեր-Պետրոսյանի համար, քանի որ, ես ինչքան գիտեմ, հարկային ստուգումներ են եղել: Հիմա նույն հաջողությամբ այսօր ստուգում են «Բջնի» գործարանը: Հիմա ես էլ ասեմ՝ Սերժ Սարգսյանի համա՞ր են ճնշումները կամ գործարանի այս ստուգումը: Պահանջ կա, ստուգում են՝ թող ստուգեն: Ի՞նչ է եղել, որ: Ամեն ինչ չի կարելի դեմագոգիայի վերածել, դատարկ-դատարկ սկսել խոսել: Խաչատուր Սուքիասյանին դա բնորոշ հատկություն է…

Ես կուզեի մի օր հրավիրել ձեզ «Բջնի» հանքային ջրերի գործարան, և դուք տեսնեք այդ գործարանը, նկարահանեք, նաև հանրությանը ներկայացնեք: Ես պահել եմ նաև բոլոր այն լուսանկարները, այն տեսանյութերը, որոնք նկարված են, թե այդ գործարանը մենք ի՞նչ ձևով ենք 2010 թվականին գնել: Եվ բացի դրանից, որ Խաչատուր Սուքիասյանն անընդհատ ասում է՝ ճնշել են, խլել են, գիտե՞ք ինչ, վերջը կարելի է մի օր դրան վերջակետ դնել:

«Բջնի» հանքային ջրերի գործարանը 12 տարում ինչքա՞ն հարկ է տվել պետությանը: Տարիներով, 1996-2000թթ.՝ 0 (զրո) դրամ: Եթե ուշադրություն դարձնեք, 2008 թվականին են ամենամեծ հարկը տվել՝ 420 միլիոն, էն տարում, երբ փետրվար ամսից ստուգում է եղել այնտեղ, էդ էլ ստիպված են արել, պիտի մուծեին: Հարց եմ տալիս՝ էս անօրինական գործունեության դեպքում պետությունը պիտի հարկային ակտ գրե՞ր, թե՞ չէ: 12 տարում իրենք ընդհանուր տվել են 917 միլիոն դրամ հարկ: Եվ խնդրեմ, հարկայինից թող տվյալները հանի նույն Խաչատուր Սուքիասյանը… Գործարանը մեր գնելուց հետո անցյալ տարի 780 միլիոն դրամ հարկ ենք մուծել, համարյա այնքան, ինչքան իրենք 12 տարում են մուծել: Եկեք, տեսեք, այսօր ի՞նչ հոսքագծերով, ի՞նչ տեխնիկայով է աշխատում գործարանը: Խոսեցրեք գործարանի աշխատողներին: Ի՞նչ պայմաններ են: Կանայք էին աշխատում՝ ջրի տակ կանգնած, ջուրը կաթում էր: Տանիք էլ չկար»,- 2019-ին տված հարցազրույցում պատմել էր Ռուբեն Հայրապետյանը և ներկայացրել փաստաթղթեր:

Ըստ 2019թ. ներկայացված փաստաթղթերի՝ Ռուբեն Հայրապետյանի կողմից «Բջնին» ձեռք բերելուց հետո պետությանը վճարվել էր 3 միլիարդ 661 միլիոն դրամ, 9 տարում, մինչդեռ Խաչատուր Սուքիասյանը 12 տարում «Բջնի» գործարանից վճարել էր ընդամենը 917 միլիոն դրամ հարկ:

Բայց անկախ Ռուբեն Հայրապետյանի բերած թվերից և ներկայացրած փաստերից, 168.am-ը 2020թ. հունվարի 10-ին նաև Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ) հարցում էր ուղարկել «ԲՋՆԻ» ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ ՓԲ ընկերության վճարված հարկերի վերաբերյալ, ըստ տարիների, տեղեկատվություն ստանալու համար:

ՊԵԿ-ից 2020թ. հունվարին մեզ ներկայացրել էին հետևյալ պատկերը՝ ըստ տարիների:

Հիշեցնենք, որ հարկերը թաքցնելու հիմնավորմամբ՝ Պետեկամուտների կոմիտեն տարիներ առաջ 4 մլրդ դրամի տուգանք էր նշանակել գործարանի նկատմամբ։ Ու քանի որ սեփականատերը՝ Խաչատուր Սուքիասյանը, հրաժարվել էր վճարել, գործարանը հանվել էր աճուրդի և վաճառվել։ Ռուբեն Հայրապետյանն, ինչպես արդեն նշեցինք, այն գնել էր՝ վճարելով 4,4 մլրդ դրամ։ Սա տեղի է ունեցել մոտ 17-18 տարի առաջ։

Թեման կրկին սկսեց ակտիվորեն շրջանառվել 2018-ի գունավոր հեղափոխությունից և քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո, երբ Խաչատուր Սուքիասյանը սահուն վերադարձավ «Բջնիի» հետ կապված պատմություններին ու սկսեց տարբեր հարթակներում սեփականության իր իրավունքների վերականգնման պահանջներ ներկայացնել, մինչդեռ պետությունը վաճառել է, գնորդը՝ գնել։ Ավելին, ժամանակին Ռուբեն Հայրապետյանը ներկայացրել է, թե ինչ վիճակում է գնել գործարանը և ինչ հսկայական ներդրումներ է կատարել:

«Դեռ 2010թ., եթե չեմ սխալվում, ասել եմ՝ եթե իրենք գտնում են, որ իրենցից խլել եմ… Պետությունը վաճառել է, ես գնել եմ: Եթե իրենք գտնում են, որ իրենցից խլել եմ, ես պատրաստ եմ հենց հիմա, իմ տված փողը թող տան, հետ տամ իրենց: Ես սա հրապարակայնորեն մամուլի ասուլիսում եմ ասել: Բացի դրանից, ես, սրանից մի 2-3 ամիս առաջ էլ, Ծառուկյան Գագիկի հետ խոսում էինք, ասացի՝ ասա՝ թող հենց հիմա փողերս տա, էլի տամ, ավել-պակաս թող չխոսի: Բայց հիմա արդեն ուրիշ բան եմ ասում: Եթե ես այդ գործարանը, ասենք, ուրիշ մարդու կվաճառեմ 10 միլիոն պակասով, ապա իրեն՝ մի միլիարդ դոլարով: Այսինքն՝ ի՞նչ եմ ուզում ասել. իրեն՝ երբեք»,- 2019թ. հարցազրույցներից մեկում ասել էր Ռուբեն Հայրապետյանը՝ ներկայացնելով «Բջնի» գործարանը սեփականացնելու խնդիրը։

Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ միշտ էլ կարելի է հիմնավորումներ գտնել, որ նախկին իշխանությունները ժամանակին չհիմնավորված տուգանքներ են նշանակել, ու այդպես պատասխանատվության բեռը դնել պետության վրա։ Թերևս, այդ հույսով էլ Խաչատուր Սուքիասյանը կամ նրա ընտանիքը մտադիր են պետությունից խոշոր գումարի փոխհատուցում ստանալ։ Խոսքը շուրջ 3,5 մլրդ դրամի կամ ավելի քան 7 մլն դոլարի մասին է։

Այս գործով ուշագրավ զարգացումներ եղան. մասնավորապես, դեռ 2022թ. գրել էինք, որ Խաչատուր Սուքիասյանի օգտին վճիռ կայացնելու համար դատավորը պաշտոնեական առաջխաղացում ունեցավ, ինչն ապահովեց Խաչատուր Սուքիասյանի խնամի, այն ժամանակ՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը: Փաստացի դեռևս տասնամյակներ առաջ, այդ թվում՝ նաև Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի կողմից գեներացված այն միֆը, թե Խաչատուր Սուքիասյանից «Բջնին» խլել են, որ տան Ռուբեն Հայրապետյանին, մինչ օրս ապրում է. ցավալի է, բայց ապրում է նաև ԶԼՄ-ների և քաղաքական շրջանակների ենթագիտակցության մեջ:

Այնպես որ, մի՛ թելեք Նիկոլ Փաշինյանի թելը. «Բջնին» չեն խլել, «Բջնին» վաճառել են, հայ գնորդը գնել է. փրկել են, որ պետությունն այդ գործարանի աշխատանքից հարկային եկամուտներ ստանա:

Աղբյուր՝ 168.am