Ուղիղ 85 տարի առաջ՝ 1941 թվականի հունիսի 22-ին, սկսվեց Հայրենական մեծ պատերազմը
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ուղիղ 85 տարի առաջ՝ 1941 թվականի հունիսի 22-ին, սկսվեց Հայրենական մեծ պատերազմը՝ մարդկության պատմության ամենաողբերգական և ամենաարյունալի պատերազմներից մեկը, որը խլեց միլիոնավոր կյանքեր և ճակատագրեր։
Հայ ժողովուրդը պատվով մասնակցեց ֆաշիզմի դեմ պայքարին։ Ավելի քան 600 հազար հայեր զորակոչվեցին ռազմաճակատ, որոնցից շուրջ 300 հազարը չվերադարձան հայրենիք։ Հայ զինվորներն ու սպաները կռվեցին պատերազմի գրեթե բոլոր կարևոր ուղղություններում՝ ցուցաբերելով բացառիկ խիզախություն, անձնազոհություն և նվիրում։
Մարշալ Բաղրամյանի, ծովակալ Իսակովի, ավիացիայի հերոս Ստեփանյանի և տասնյակ այլ նշանավոր հայ զինվորականների անունները դարձել են հաղթանակի խորհրդանիշներ։ Միաժամանակ հազարավոր անանուն հերոսներ իրենց կյանքը զոհաբերեցին հանուն խաղաղ ապագայի։
Այս օրը ոչ միայն հիշատակի օր է, այլ նաև պատմական պատասխանատվության։ Պարտավոր ենք պահպանել մեր ժողովրդի հերոսական անցյալի հիշողությունը, հարգել հաղթանակ կերտած սերնդի սխրանքը և այն փոխանցել երիտասարդ սերունդներին՝ որպես ազգային արժանապատվության, հայրենասիրության և պետական մտածողության կարևոր արժեք։
Հավերժ փառք և խոնարհում պատերազմի զոհերի և հաղթանակ կերտած բոլոր հերոսների հիշատակին»։
Աղբյուր՝ AntiFake.am