Ջի Դի Վենսի այցը, հանրության սպասելիքներն ու Փաշինյանի ակնկալիքները. Արմինե Օհանյան
Արմինե Օհանյանը գրել է.
«Խեղճության ու թուլության ցանկացած դրսևորում ինձ անհասկանալի է ու մերժելի: Երևի դա է նաև պատճառը, որ մեր պետությունը ներկայացնող բարձր պաշտոնյաների ստորաքարշ պահվածքը միջազգային հարթակներում ինձ մոտ զզվանքից բացի այլ զգացում չի առաջացնում: Չէ Գևարան իմ հերոսը չէ, բայց նրա խոսքը. «Լավ է մեռնել կանգնած, քան ապրել ծնկաչոք» պետք է մեծ պաստառների վրա գրել ու կախել իշխանավոր կոչվածների սենյակներում` Նիկոլի նկարի փոխարեն:
Բայց սողացողների այս խմբակի հետ ամեն ինչ պարզ է ու դրա դեմ այլևս ոչինչ չես անի: Իսկ ի՞նչ է մտածում մեր ժողովուրդը: Ինչի՞ է նա ընդունակ և ինչպե՞ս է պատկերացնում իր երկրի ապագան:
Ահա` փետրվարի 9-ին տարածաշրջան է այցելում ԱՄՆ փոխնախագահ Ջի Դի Վենսը և մեր հանրության ակտիվ հատվածի ուշքն ու միտքն այդ այցն է: Էլ կոլեկտիվ նամակներ ու անհատական խնդրագրեր, էլ հույսի ու հավատի կոչեր ու աղերսներ, էլ ակցիաների նախապատրաստություն: Մի քանի օրով տարածաշրջանի 2 երկիր քաղաքական ու քաղաքավարական հերթապահ այց կատարող ամերիկացու հետ այնպիսի հույսեր են կապում, ասես Հիսուսի հայտնությունն է լինելու...և նա Հիսուսի նման մեզ փրկություն ու ապաքինում է բերելու:
Չէ, իհարկե, հասկանալի է և Բաքվում մեր գերիների ազատ արձակման, և Հայաստանում քաղաքական հետապնդումների դադարեցման, և արցախցիների իրավունքների վերականգնման հարցում հայ մարդիկ խեղդվողի նման ձեռքը փրփուրներին են գցում: Բայց այդ փորձերից խեղճության, թուլության, հուսահատության տպավորություն է ստեղծվում:
Ստացվում է` մենք ոչ մի հարց ունակ չենք լուծելու, պատրաստ չենք պայքարելու, չգիտենք պայքարի ձևերն ու հույսներս դնում ենք մեր ցավ ու դարդին անհաղորդ ինչ որ օտարի վրա: Իսկ Փաշինյանն էլ օգտվում է մեր այս քաղաքական ինֆանտիլիզմից, մեր օտարամոլությունից, արևմտյան պաշտոնյաների հանդեպ մեր ավելորդ ակնածանքից ու «տղա է բերում» մեր վրա: Էդ «տղան» մի օր Թրամփն ու Վենսը կլինեն, մի օր Կայա Կալլասն ու Մակրոնը, մի օր էլ Ալիևն ու Էրդողանը: Որոնց կես խոսքը, մեկօրյա այցը, կիսատ -պռատ աջակցությունը նա հույս ունի քվեների վերածել և իշխանությունը պահելու մի փոքր շանս էլ ստանալ...»: