Աստված այսօր ասում է՝ ՉՎԱԽԵՆԱ՛Ք ոչնչից, կործանե՛ք չարիքը..
Բագրատ սրբազանի քարոզը. «Քրիստոս հարյա՜վ...
___
Աստված այսօր ասում է՝ ՉՎԱԽԵՆԱ՛Ք ոչնչից, կործանե՛ք չարիքը...
Դառնանք ազգ, որ բանակ է,
Դառնանք ազգ, որ ամրոց է,
Դառնանք ազգ, որ տաճար է,
Որը չի՛ վախենում, չի՛ կքում, չի՛ փախչում, չի՛ ստում, չի՛ կեղծում ոչնչի դիմաց, ինչքան էլ դրանք դժվար լինեն որպես հարվածներ, որովհետև Քրիստոս հարյավ ի մեռելոց․․․
Այս օրերը դավաճանության և ուրացումի օրեր են։ Այս օրերը մեր ինքնության, նկարագրի վաճառքի օրեր են, այնպես, ինչպես Հուդան է 30 արծաթով վաճառում իր ինքնությունը՝ իր Տիրոջը։
Դա չի փոխվել, բայց չեն փոխվել նաև հարությունն ու հաղթանակը։ Մենք կոչված ենք ընթանալու դեպի այդ ճանապարհը։
Մենք գտնվում ենք ԽԱՉԵԼՈՒԹՅԱՆ ու ՏԱՌԱՊԱՆՔԻ իրական իրականության մեջ։ Մենք իրավունք չուենք մերժելու այդ ճանապարհը՝ դրանով իսկ հրաժարվելով ՀԱՐՈՒԹՅԱՆ խորհրդից։
Չկա ՀԱՐՈՒԹՅԱՆ խորհուրդ, առանց ամբողջական ընդունելու քո ԽԱՉԻ ճանապարհը։
Ես հավատում եմ մեր համընդհանուր ՀԱՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ։
Չեմ կասկածում, որովհետև ուզում եմ ոչ միայն պատմել Հիսուսի պատմությունը, այլ ապրել այն ամբողջությամբ՝ Իր արյունով, Իր խաչով և ապա Իր հաղթանակով։ Մեզ համար ուրիշ տարբերակ չկա։
Ով չի հավատում այդ տեսիլքին, նա ոչ հայության հետ կապ ունի, ոչ Աստծու հետ կապ ունի, ոչ ժառանգության հետ կապ ունի, ոչ ճախրանքի ու սխրանքի հետ կապ ունի, նա մթության մեջ եկող գող է, նա համբույրով ու փողով դավաճանող է, ինչպես այսօրվա «հերոսը»։
Այս խավարի միջից հարության լույսը մեզ կոչում է հաղթանակի։
Ես հանձնառու եմ եղել և եմ, այդ ընտրությունը կատարած, գնալո՛ւ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ետևից, գնալո՛ւ ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ետևից, գնալո՛ւ ՀԱՐՈՒԹՅԱՆ հաղթանակի խորհրդի ետևից... Աստված մեզ ամբողջական հնարավորությունն ընծայել է ՀԱՂԹԱՆԱԿԱԾ իրականությունը ունենալու։
Եվ հիշե՛ք. մեր Տերը ո՛չ միայն խոսեց իր ՀԱՐՈՒԹՅԱՆ մասին, այլ ԿԵՐՏԵՑ այն...
Մենք կոչված ենք ո՛չ միայն խոսելու մեր ՀԱՂԹԱՆԱԿԻ մասին, այլ ԿԵՐՏԵԼՈՒ այն։
Քրիստոս հարյավ ի մեռելոց,
Օրհնյալ թող լինի մեր Տիրոջ հարությունը։
#Բագրատ_Սրբազան »: