Բեռնում...
«Լացում էր, գոռում, ծանր վիճակում էր». Զինվորներին վրաերթի ենթարկած վարորդը Վահան գյուղից է, 3 անչափահաս երեխաների հայր
20-08-2026 11:23 | Լուրեր

«Լացում էր, գոռում, ծանր վիճակում էր». Զինվորներին վրաերթի ենթարկած վարորդը Վահան գյուղից է, 3 անչափահաս երեխաների հայր

Գեղարքունիքի մարզում՝ Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին, երեկ՝ օգոստոսի 19-ին, ժամը 21:00-ի սահմաններում 7 զինծառայողներին վրաերթի ենթարկած «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարի վարորդը Վահան գյուղի բնակիչ է, պայմանագրային զինծառայող և 3 անչափահաս երեխաների հայր։

Նա եղել է իր սեփական բեռնատարով, որն օգտագործում է գյուղատնտեսական աշխատանքների համար։

«Այդ մեքենաները տարվա մեջ կարող է մեկ ամիս շահագործվեն․ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ իրենց խոտը դաշտից բերում են տուն, կանգնեցնում են մեքենան, մեկ էլ հաջորդ տարի այդ ժամանակ է շահագործվում»,- մեզ հետ զրույցում պատմեց Վահան գյուղի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանը։

Մեքենան, հիշեցնենք, եղել է առանց պետհամարանիշի։ Ըստ ArmLur.am–ի՝ իրավապահները պարզել են որ այն պիտանի չի եղել շահագործման։ Վարորդը ձերբակալված է, նա վարորդական վկայական չունի։

Գյուղապետի փոխանցմամբ՝ ճանապարհը նոր կառուցված է ու ասֆալտապատ, բայց վրաերթի հատվածում լուսավորված չէ։ Վարորդը մեքենան գազալցակայանում լիցքավորելուց հետո տուն վերադառնալիս է եղել, երբ մութ ճանապարհին չի նկատել վազող զինծառայողներին։ Վրաերթը տեղի է ունեցել Ճամբարակի զորամասից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։

Վարչական ղեկավարի խոսքով՝ վարորդը սթափ վիճակում է եղել, դեպքից հետո էլ չի փախուստի չի դիմել։

«Ես դեպքի վայրում եմ եղել։ Ես անմիջապես տեսել եմ, լացում էր, գոռում էր, շատ ծանր վիճակում էր»,- պատմեց գյուղապետը։

Հիշեցնենք, որ վրաերթի հետևանքով, ցավոք, մահացել է զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, իսկ մյուս վիրավոր զինծառայողները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, երկուսի վիճակը դեպքից հետո ծանր է գնահատավել, ունեցել են կոտրվածքներ։