Բեռնում...
Ինչպե՞ս ձևավորել ընդդիմության միասնական մարտավարություն. Գրիգորի Պողոսյանը ներկայացնում է մարտավարության սկզբունքները
04-11-2025 18:40 | Վերլուծություն

Ինչպե՞ս ձևավորել ընդդիմության միասնական մարտավարություն. Գրիգորի Պողոսյանը ներկայացնում է մարտավարության սկզբունքները

Արդարադատության առաջին դասի խորհրդական, ՀՀ գլխավոր դատախազության վարչության նախկին պետ, իրավագիտության թեկնածու, փաստաբան Գրիգորի Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«MANIFESTO

Մոտ երկու ամիս առաջ որոշեցի առավելագույնս կրճատել գրավոր խոսքս՝ ընկալելով դրա անարդյունավետությունն ու անհամատեղելիությունը ժամանակակից քաղաքական բատալիաներին, սակայն վերջին շաբաթների, գուցե ամիսների սրընթաց իրադարձություններն ստիպեցին հերթական «չինական նախազգուշացումը» հղել ազգիս և գաղափարակից ընկերներիս։ Այս գրառման համար էմոցիոնալ խթան հանդիսացան, ինչպես ընդդիմադիր ընկերներիս կողմից տանուլ տված «փոքրիկ ճակատամարտերը», այնպես էլ՝ մեր ընդհանուր թշնամու կրած պարտությունները, որոնց հետևանքները մենք այդպես էլ չսովորեցինք ի օգուտ մեզ օգտագործել։

Ռազմական ստրատեգ չեմ և Կլաուզեվիցի դափնիներին չեմ հավակնում, սակայն լինելով իրավագետ և երկար ու ձիգ տարիներ «ստիպված լինելով» տարաբնույթ խնդիրների լուծման համար կիրառել ուղեղս՝ կփորձեմ ներկայացնել երկիրը պատած այս թունավոր մշուշից դուրց գալու ռազմավարության իմ տեսլականը։

Իրադարձությունների զարգացումները ցույց են տալիս, որ մեր թշնամին ներպետական քաղաքական դաշտը վերածել է իրական մարտադաշտի, որտեղ չի խորշում ոչ մի կեղտոտ մեթոդից և կիրառում է բոլոր տիպի «արգելված զինատեսակները», և քանի դեռ մենք չենք մշակել մեր իրական ռազմավարությունը, դուրս պրծնելով «կաբինետային պատերազմների» մարտավարական ճաղերի» արանքից, մենք դատապարտված ենք մղել պաշտպանողական մարտեր թշնամու դեմ՝ հույս դնելով միայն արտաքին միջամտության կամ էլ հրաշքի վրա։

Խիստ համառոտ նկարագրելով իրական ռազմավարության իմ տեսլականը՝ կներկայացնեմ միայն դրա «կմախքը», այն է՝ երկաստիճան համակարգը, որի հիման վրա, իմ կարծիքով, կարելի է ձևավորել ընդդիմության միասնական մարտավարությունը։

Ներկայացվող համակարգը բաղկացած է բազիսային և վերնաշենքային երեքական սկզբունքից։

Բազիսային այս սկզբունքները վերաբերելի են ընդդիմադիր միասնական դաշտին և պայմանավորված են թշնամու դեմ միասնական քաղաքական ճակատի և միասնական պայքարի սկզբունքների ձևավորման անհրաժեշտությամբ։

Այդ սկզբունքներն են․

1/ Ընդհանուր և միակ թշնամուց զատ այլ թշնամի չփնտրել քաղաքական դաշտում և այս կանոնից դուրս գործող ցանկացած ուժի դիտարկել որպես «օսմանական» աղանդավորական շարժման քողարկված բաղադրատարր։

Սույն սկզբունքն ինքնին բացառում է ընդդիմադիր դաշտում այնպիսի «հարցադրումների» առկայությունը, ինչպիսիք են․ «2018-ին ո՞ւմ հետ աֆիլացվող անձինք էին ուրախանում «հեղափոխության» հաղթանակով։»; «Ո՞վ բերեց նիկոլին։»; «Ո՞վ է շահում պետական մրցույթները։»; «Ինչո՞ւ այս կամ այն գործիչը չի դատվում, իսկ մյուսը գրեթե երկու տարի մնում է կալանավորված։»; «Ո՞ր պահից է այս կամ այն անձը մտել պայքարի մեջ։»։ Սրանք հարցեր են, որոնք պիտի տրվեն հաղթանակից հետո, եթե մինչ այդ բացարձակ իմաստազուրկ չդառնան։ Չկան «ներկաներ», «նախկիններ» և «ապագաներ։» Երբ ոսոխը քեզ խեղդում է, կալանավորում, իսկ իրականում՝ գերության վերցնում քո շարքերի լավագույներից լավագույներին, երբ երկիրը կանգնած է մի շարք էքզիստենցիալ սպառնալիքների դեմ հանդիման, յուրաքանչյուր Հայորդի պիտի իր «Ես»-ն ուրանա հանուն «Մենք»-ի հաղթանակի։ Երկրում իշխանությունը զավթած խմբակի դեմ պայքարի դաշտն անծայրածիր է, և միմյանց դեմ պայքարում ընդդիմության ուժերը սպառելը պարզապես դավաճանություն է։

2/ Ցանկացած գործողության հիմքում արժևորել միասնական ազգային շահը և չթիրախավորել ընդդիմադիր ընկերոջը կամ դաշնակից ուժին, նույնիսկ վերջինիս կողմից ակնհայտ սխալ թույլ տալու կամ ակնհայտ թույլ կեցվածք դրսևորելու պարագայում, իսկ դաշնակցին հասցրած հարվածը դիտարկել որպես ընդհանուրին հասցրած հարված։

Այս սկզբունքը բխում է նախորդից և պայմանավորում է մի վարքագիծ, որի համաձայն՝ երբեք պետք չէ հրճվել կամ ուրախանալ դաշնակից ուժի պարտություններով, քանզի դրանք հանգեցնում են միասնական ճամբարի, այսինքն՝ նաև քո, վախճանի։ Ընդդիմադիր դաշտի խաղացողներն ունեն բազմաթիվ խնդիրներ միմյանց հետ, նրանց տեսլականներում կան բազում հակասություններ, սակայն նրանց միավորողը շատ ավելի մեծ արժեք ունի՝ Սերն է Հայրենիքի, Հույսն Ազգի ապագայի հանդեպ ու Հավատն առ Աստված։ Չի կարելի հրճվել ընդդիմադիր գործընկերոջ բացթողումներով ու սխալներով, անգամ եթե անձնական հակակրանք ունես նրա հանդեպ։ Նրա պարտությունը պետք է օգտագործել որպես մարտահրավեր՝ հակահարձակ լինելու․ լավ չխոսեց՝ ինքդ խոսիր, կաշկանդվեց, կուչ եկավ՝ թիկունք եղիր, ընկավ՝ ձեռքդ մեկնիր, որ ոտքի ելնի և քեզ հետ միասին նորեն լծվի պայքարի գործին։

3/ Հստակ տարանջատել միասնական ընդդիմադիր գործունեությունը և առանձին ուժերի կողմից մղվող պայքարի ոլորտում իրականացվող անջատ ակցիաները՝ թույլ չտալով վերջիններիս արդյունքում առաջինին վնաս հասցնել։

Անհրաժեշտ է հասկանալ, որ յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ իր մեթոդներն ու պայքարի միջոցներն ունի և դրանք «անգործ» չպետք է մնան։ Ամեն ուժ գործում է ինքնուրույն՝ յուրաքանչյուր վայրկյան պատրաստ լինելով օգնության հասնել կողքինին և ինքն է սպասում նման օգնություն ընդդիմադիր դաշտի մյուս խաղացողներից, քանզի «մանիպուլաներն առանձին գործող միավորներ են, սակայն իրական ուժը միասնական լեգեոնն է»։

Այս երեք սկզբունքի հիման վրա ձևավորվում է վերնաշենքային կամ բուն ռազմավարական երեք սկզբունք, որոնք վերաբերում են «քաղաքական մարտադաշտում» մղվող պայքարի տակտիկային, մեթոդներին և միջոցներին։

Դրանք են․

1/ Բացառել ցանկացած բռնություն կամ բռնության սպառնալիք, ինչպես նաև ամեն գնով, բացառությամբ մահացու վտանգի, խուսափել թշնամական ճամբարի պրովոկատիվ ծուղակներից։

Այս սկզբունքը բութ բռնության հանդեպ սուր մտքի հաղթանակի մասին է։ Երկրորդ կիրակին անընդմեջ արձանագրելով իր խայտառակ պարտությունը՝ թշնամին չի հանդարտվելու, չի նահանջելու, քանզի հոգևարքի մեջ նա առավել վտանգավոր է և կատաղի։ Անհրաժեշտ է հասկանալ, որ ռեպրեսիաների ծավալն աճելու է երկրաչափական պրոգրեսիայով, և նման պարագայում թշնամու հրահրած բախման գնալը հավասարազոր է դավաճանության և դիվերսիայի։ Փոխարենն անհրաժեշտ է երկրաչափական պրոգրեսիայով բազմապատկել պայքարի իրավական միջոցներն ու ձևերը։ Պետք է բազմապատկվեն հանցագործության մասին հաղորդումներն ու իշխանությունների՝ քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտում դրսևորած անգործության դեմ հայցերն ու գործողությունների վիճարկման այլ ձևերը։ Այս իրավական մեխանիզմներն առաջին հայացքից կարող են թվալ անարդյունավետ՝ հաշվի առնելով դատական և իրավապահ համակարգերի նկատմամբ գործադիրի տոտալ վերահսկողությունը, սակայն անհրաժեշտ է հասկանալ, որ դատական համակարգում դեռևս մնացել են դատավոր կոչվելու և Արդարադատություն իրականացնելու արժանի անձինք, իսկ իրավապահների շարքերում մնացել են պատվի և արժանապատվության իմաստը գիտակցող սպաներ։ Ավելին, մեր կողմից նախաձեռնած ցանկացած իրավական գործընթաց ստիպում է իրավապահ համակարգին թեկուզ ձևական առումով զբաղվել իրենց բուն լիազորություններով՝ ժամանակավորապես ձեռնպահ մնալով բռնաճնշումներին մասնակցելուց։

2/ Հստակեցնել այն «վերջին բնագիծը կամ բաստիոնը», որը պետք է պաշտպանել ամեն գնով՝ գիտակցելով, որ կան արժեքներ, որոնց զիջման պարագայում ուժերը վերականգնել հնարավոր չի լինի։ Ընդդիմադիր դաշտի խնդիրների, թիրախների և արժեքների անբողջության մեջ անհրաժեշտ է առանձնացնել և ընդգծված արժևորել հիմնարարներն ու առաջնայինները։

Վերջին շաբաթների զարգացումները ցույց տվեցին, որ այս ժողովրդին միավորում է մի կարևորագույն հատկանիշ՝ Աստվածավախությունը, և Հայ Առաքելական Եկեղեցին այն միջնաբերդն է, որի պատերի տակ թշնամին կրել և կրելու է իր պարտությունները։ Անհրաժեշտ է գիտակցել մի պարզ իրողություն․ ազգն անսասան է, քանի անառիկ է Լուսավորչի գահը, հետևաբար՝ անհրաժեշտ է հասկանալ, որ լավ ու վատ կաթողիկոսներ չեն լինում։ Վեհափառը Եկեղեցու գահակալն է։ Պատմական իրողությունները վկայում են, որ գահակալի անկումը, որոշ բացառություններով, բերում է գահի ոչնչացման։ Երբեմն որոշ ազգեր, օրինակ՝ բրիտանացիները, տարիներ անց վերականգնել են իրենց երկրի գահը, սակայն մենք այն երկիրը չենք, որ կարողանանք մեզ նման շռայլություն թույլ տալ՝ վտագի տակ դնելով ազգի հոգևոր գահը։

Անհրաժեշտ է հստակեցնել, որ Ազգ, Միասնական Հայրենիք, Հավատք և Հայ Առաքելական Եկեղեցի, Ցեղասպանության Ճանաչում և Հատուցում, Ազգի և Երկրի Անվտանգություն և Գոյություն, Հայկական Արցախ հասկացությունները հիմնարար և անքննելի արժեքներ են։ Այս հասկացությունները հարցականի տակ դնելն անհրաժեշտ է դիտարկել հավիտյանս նզովքի ենթակա մահացու մեղքերի շարքում և երբեք չդնել հավասարության նշան սրանց և տնտեսական աճի նվազման, կարտոֆիլ ցանող գյուղացու առօրյա խնդիրների, բեռնափոխադրողների առջև ծառացած խոչընդոտների կամ էլեկտրաէներգիայի սակագների իջեցման հարցերի միջև։ Վերոնշյալ հիմնարար արժեքների պաշտպանության հարցում դրսևորած հանդուրժողականությունը առնվազն հավասար է փոքրոգության։ Ազգային գործչի կողմից նման վարքագծի դրսևորումը խոսում է քաղաքական ճղճիմության մասին։ Ազգային գործիչը շեշտակի տարբերվում է քաղաքական գործչից նրանով, որ հանդուրժողականություն չի «խաղում» ազգի սրբագույն մասունք հանդիսացող արժեքների հարցում։ Այս հարցում, ընդ որում, սատանան թաքնված է մանրուքների մեջ, հետևաբար՝ անհրաժեշտ է լինել բացարձակ նախանձահույզ։ Օրինակ՝ չի կարելի լռել նույնիսկ այն՝ առաջին հայացքից «անմեղ» իրավիճակում, երբ քո ներկայությամբ Արցախի փոխարեն ընդգծված օգտագործում են Ղարաբաղ անվանումը։

3/ Խիստ մտածված և կշռադատված ընտրել «քաղաքական ճակատամարտի» դաշտը և երբեք չթողնել այդ ընտրությունը թշնամուն՝ հիմնական ուժերը կենտրոնացնելով այնտեղ, որտեղ հակառակորդը չի սպասում՝ թիրախավորելով նրա թույլ և խոցելի կողմերը։ Գործելով անջատ և քաղաքական ջլատման ենթարկելով հակառակորդի ուժերը՝ միշտ պատրաստ լինել միավորման և «վերջնամարտի»։

Այս սկզբունքը պարզ է Աստծո պարգև լույսի պես․ չմասնակցել ոչ մի արարողության, որը նախաձեռնվել է թշնամու կողմից՝ լինի դա Հովհանավանքում կազմակերպված «հակապատարագ», որտեղ պատրաստվում էին կիրառել «Գյումրի 2» սցենարը, թե իշխանական լրատվամիջոցի հաղորդաշար, որտեղ ինտելեկտը՝ քամուն, հոգին էլ դևերին բաշխած ինչ-որ լրագրողներ կարող են քեզ և քեզանով մի ողջ ընդդիմություն ծաղրի ենթարկել, քանզի լինելով գործի ու հավատամքի մարդ, դու պատրաստ չես այն դատարկ լեզվակռվին, որը քեզ հրամցնում են։ Մեզ պետք է մեր «մարտադաշտը», որտեղ մենք ի զորու ենք դուրս գալ նույնիսկ հարբած փղերի դեմ։ Սեփական «մարտադաշտում» անսասան կանգնելը շատ ավելի իմաստավորված է, քան երկրորդական «օտար մարտադաշտերում» թեկուզ՝ հաղթական, փոքրիկ մարտեր մղելը, քանզի նման մարտերը հիմնականում ավարտվում են պարտությամբ, իսկ նման պարտությունը բոլորիս պարտությունն է։

Ընդդիմադիր ուժերից շատերը կարող են գալ այն եզրակացության, որ իրենք հենց այս սկզբունքներով էլ առաջնորդվում են, որ մեղավորն իրենք չեն, այլ «այն մյուսը», «այն մեկը, որ պակաս հայրենասեր է», «այն մեկը, որ առաջինն է սկսել ներընդդիմադիր խժդժությունը», սակայն այստեղ կարևոր է, որ մենք հավատանք ձեզ։ Կարևոր է նաև, որ մենք հավատանք ինքներս մեզ և մեր կողքիններին։

Հ․Գ․ Վերոգյալն անհրաժեշտ է դիտարկել՝ որպես միայն և միայն խաղաղ քաղաքական պայքարի փոքրիկ տեսական մանիֆեստ՝ հստակ գիտակցելով, որ հակառակ վարքագիծը ոչ միայն վտանգավոր է երկրում օտարածին թրքահպատակ ուժերի ղեկավարման պարագայում, այլև անտրամաբանական և նույնիսկ թշնամական՝ հաշվի առնելով այն անհամաչափ հարվածը, որի տակ է դրվելու ողջ ընդդիմադիր շարժումն ինքնին։ Հետևաբար՝ անհրաժեշտ է ընդդիմադիր շարքերից առանձնացնել բոլոր նրանց, ովքեր պարբերաբար դառնում են «իշխանությունների» պրովոկատիվ վարքագծի «զոհ» կամ «գործիք», քանզի «ջանասեր հիմարը» նույնքան վտանգավոր է ընդհանուր գործի համար, որքան՝ «քողարկված թշնամին»»:

Աղբյուր՝ AntiFake.am