Բեռնում...
Չեմ ասում՝ «պինդ եղիր», որովհետև դրա կարիքը չկա. Հենրիխ Դանիելյանը՝ Արմեն Աշոտյանին
25-07-2026 10:04 | Կարծիք

Չեմ ասում՝ «պինդ եղիր», որովհետև դրա կարիքը չկա. Հենրիխ Դանիելյանը՝ Արմեն Աշոտյանին

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը գրել է.

«Այսօր իմ ընկերոջ, ՀՀԿ փոխնախագահ, քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանի ծննդյան օրն է։

Սիրելի՛ Արմեն,

Արդեն երկար ժամանակ է, ինչ զրկված ենք նույնիսկ ամենապարզ մարդկային շփման հնարավորությունից։ Նախորդ կալանքիդ ժամանակ գոնե նամակների միջոցով կարողանում էինք հաղորդակցվել, իսկ այսօր նույնիսկ այդ հնարավորությունն է խլված։

Սակայն քո մասին խոսելիս առաջին հերթին հիշվում է ոչ թե անազատությունը, այլ այն արժանապատիվ կեցվածքը, որով դու հաղթահարում ես յուրաքանչյուր փորձություն։ Քեզ ճանաչող յուրաքանչյուր մարդ գիտի, որ նույնիսկ ամենածանր օրերին քո խոսքում երբեք չի եղել հուսահատություն, ինքնախղճահարություն կամ դժգոհություն։ Ընդհակառակը՝ հենց դու ես դարձել հավատի, տոկունության և ներքին ուժի աղբյուր շատերի համար։

Շատերի կողքով անցնող սովորական քամին ներկայացվում է որպես մեծ փոթորիկ։ Դու, սակայն, անցնելով իրական փոթորիկների միջով, երբեք անգամ ակնարկ չես արել քամու մասին։ Դա բնավորություն է, սկզբունք և արժանապատվություն, որն ամեն մարդ չի կարող կրել։

Համոզված եմ, որ քաղաքական հետապնդումները ժամանակավոր են, իսկ արժանապատվությունն ու սկզբունքայնությունը՝ մնայուն։ Ժամանակը անպայման իր գնահատականը կտա, և այդ օրը շատ ավելի մոտ է, քան թվում է այսօր։

Մաղթում եմ քեզ ամուր առողջություն, երկար տարիների կյանք և շուտափույթ ազատություն։ Մաղթում եմ, որ քո կյանքում սովորություն դառնա ապրել այն ազատության մեջ, որն իրականում վաղուց կրում ես քո ներսում։ Այնտեղ, որտեղ հայկական արժանապատվությունը երբեք կարգախոս չի եղել, այլ՝ կենսակերպ, իսկ հայրենասիրությունը՝ ոչ թե հնչեղ բառ, այլ ամենօրյա պատասխանատվություն սեփական պետության և ժողովրդի առաջ։

Գրկում եմ քեզ, Աշոտյա՛նս

Եվ չեմ ասում՝ «պինդ եղիր», որովհետև դրա կարիքը չկա։ Դու վաղուց արդեն «պինդ» և «ամուր» բառերի լավագույն սահմանումներից մեկն ես՝ ոչ թե խոսքով, այլ կյանքով։

Ծնունդդ շնորհավոր, իմ սիրելի՛ ընկեր։

Քո ընկեր՝ Հենո։

#ԱՇՈՏՅԱՆ_ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ»:

Աղբյուր՝ AntiFake.am