Բեռնում...
Բաքվի դատարանում մեր հայրենակիցները պաշտպանել են հայ ժողովրդի անցյալն ու ներկան, թույլ չեն տվել հարված հասցնել մեր ազգային արժանապատվությանն ու համազգային շահերին. Տիգրան Աբրահամյան
06-08-2026 19:28 | Լուրեր

Բաքվի դատարանում մեր հայրենակիցները պաշտպանել են հայ ժողովրդի անցյալն ու ներկան, թույլ չեն տվել հարված հասցնել մեր ազգային արժանապատվությանն ու համազգային շահերին. Տիգրան Աբրահամյան

ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը, որը մեծ պատժաչափեր էր սահմանել Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ:

Իր հեռախոսազանգով Բաքվի բանտում գտնվող Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ընդհանուր գծերով նկարագրել է տեղի ունեցող կրկեսի ողջ էությունն ու խախտումների շղթան, որի պայմաններում այլ որոշում չէր էլ ակնկալվում:

Իշխանյանն ընդգծել էր, որ իրենց ելույթները ոչ միայն չեն լուսաբանվում, այլև դատավարության ընթացքում դատարանն անհարկի, ապօրինի ձևով ընդհատել կամ կիսատ է թողել դրանք:

Վերջինիս փոխանցմամբ՝ Բաքվի դատարանում մեր հայրենակիցները պաշտպանել են հայ ժողովրդի անցյալն ու ներկան, թույլ չեն տվել հարված հասցնել մեր ազգային արժանապատվությանն ու համազգային շահերին:

Ազատություն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին»:

Աղբյուր՝ AntiFake.am