Բեռնում...
«Զվարթնոց»-ում Վեհափառին դիմավորեցին ծափահարություններով ու վանկարկումներով
06-12-2025 21:57 | Լուրեր

«Զվարթնոց»-ում Վեհափառին դիմավորեցին ծափահարություններով ու վանկարկումներով

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հավաքված ժողովուրդը դիմավորեց «Վե-հա-փառ» վանկարկումներով, ծափահարություններով, երգով։

«Սիրելի հավատավոր զավակներ, սիրելի հոգևորականներ, խորապես զգացված ենք, հայրապետական օրհնանքն ենք ուզում բերել ձեզ, որ դուք այստեղ այս պահին եկել եք օդանավակայան ձեր զորակցությունը, հավատարամությունը արտահայտելու հանդեպ մեր Հայ առաքելական եկեղեցին»,-դիմելով հավաքվածներին՝ ասաց Կաթողիկոսը։

«Մարսել քաղաքում գտնվելով՝ մենք տեղեկացանք ցավալի լուրի մասին, որ Արշակ Սրբազանը ձերբակալվել է անհիմն ու շինծու մեղադրանքով, և հետո պատվիրյալ արդարադատությամբ սահմանվել է նրա համար երկամսյա կալանավորման ժամկետ։
Մենք գիտենք, որ քաջարի ոգով մեր սրբազանները աննկուն են իրենց ոգով և քաջաբար դիմագրավում են իրենց բաժին ընկած բոլոր դժվարությունները՝ հաստատուն հավատքով, որ արդարությունը պետք է հաղթանակի, և իրենք արդարացված պետք է դուրս գան ու վերադառնան եկեղեցանվեր ու ազգաշեն իրենց գործունեությանը»,-օդանավակայանում դիմելով հավաքված ժողովրդին՝ ասաց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։

Վեհափառն ասաց, որ եկեղեցականների ուղերձներում, հայտարարություններում բազմիցս կոչ են ուղղել իշխանություններին՝ վերջ դնելու հակաեկեղացական գործունեությանը, եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնճնշումներին, լռեցնելու նրանց արդար ձայնը, նաև հարկադրելու եկեղեցու կանոններրի խախտմամբ գործողություններ կատարել։

«Հակառակ ստեղծված դժվար կացության, եկեղեցահալած քաղաքականության՝ մենք որպես Հայրապետ Հայոց, եկեղեցական Ազգային ժողովի կողմից տրված իշխանությամբ, հոգևոր դասի հետ միասին, Մայր Աթոռի միաբանության ու թեմերում պաշտոնավարող եկեղեցականների հետ միասին պետք է շարունակենք մեր կոչմանն ու առաքելությանը հավատարիմ մեր ծառայությունը բերել ժողովրդին։ Մենք հավատում ենք, որ ձեզ հետ միասին, սիրելի հայորդիներ, կարող պիտի լինենք արդարությունը, ճշմարտությունը, սերը, խաղաղությունը, համերաշխությունը, եղբայրասիրությունը որպես բարձրագույն արժքներ դարձնել հիմքը մեր ժողովրդի, և դրա վրա խարսխել, կառուցել մեր հայրենիքի վաղվա լուսավոր ու պայծառ օրը»,-ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Օդանավակայանում ժողովրդին, եկեղեցականներին ուղղված խոսքն ավարտելուց հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը նստեց մեքենան, որ հեռանա։ Քիչ անցած նա իջավ մեքենայից ու հայտարարեց. «Ես մի վրիպում ունեցա»։

Վեհափառն առաջարկեց հնչեցնել Տերունական աղոթքը՝ գերեվարված Սրբազանների, անազատության մեջ գտնվող ազգային բարերարի և բանտում ապօրինաբար պահվող մարդկանց համար։

«Հայցենք, որ նրանք աստծո ողորմությամբ շուտով ազատ արձակվեն և վերադառնան իրենց ընտանիքներ ու ազգանվեր ծառայության»,-ասաց Վեհափառը։

Աղոթքից հետո Կաթողիկոսն առաջարկեց երթով շարժվել։

Աղբյուր՝ AntiFake.am