Իրանն այլևս զսպվածություն չի ցուցաբերի Ծոցի երկրներում ԱՄՆ ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելիս
Իրանի զինված ուժերն Իսլամական Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից հետո այլևս զսպվածություն չեն ցուցաբերի Մերձավոր Արևելքում ամերիկյան ենթակառուցվածքների դեմ պատասխան հարվածների ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայությունը:
«ԱՄՆ տարածաշրջանային դաշնակիցները նույնպես պետք է իմանան, որ մինչ օրս, ելնելով բարիդրացիության սկզբունքներից, մենք ցուցաբերել ենք զգալի զսպվածություն և հաշվի ենք առել որոշակի սահմանափակումներ պատասխան թիրախներն ընտրելիս, սակայն այսուհետ այդ բոլոր սահմանափակումները վերացվել են», – հայտարարությունից հատված է մեջբերում Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը:
ԻՀՊԿ-ն ընդգծել է, որ եթե ԱՄՆ նախագահն իրագործի Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին հարվածելու իր սպառնալիքը, ապա Իրանի ուժերն այնպիսի անուղղելի վնաս կհասցնեն ԱՄՆ էներգետիկ օբյեկտներին, որ «ԱՄՆ-ն և նրա գործընկերները երկար տարիներ կզրկվեն Մերձավոր Արևելքում գազի և նավթի հասանելիությունից»:
Աղբյուր՝ AntiFake.am