Իրանում պայքա՞ր է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Որքան գիտեմ, մինչև Մարկո Ռուբիոն, ԱՄՆ պետքարտուղարի և ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնները ամերիկյան պատմության մեջ միայն մեկ մարդ է համատեղել. դա Հենրի Քիսինջերն էր։
Եթե մեկնաբանելու լինենք վերջին շրջանում Ռուբիոյի՝ Իրանի նկատմամբ բավական կոշտ դիրքորոշումը, ապա առաջիկա ժամանակահատվածի համար հասկանալի է դառնում ամերիկյան քաղաքականության ուղղությունը։
Եթե ավելի պարզ ասենք՝ ԱՄՆ-ը փորձելու է «մինչև վերջ ճնշել» Իրանին։
ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները, ս.թ. հուլիսին հաստատված հրադադարի ձախողումից հետո, առաջին անգամ փորձ են արել բանակցել։ Ըստ աղբյուրի՝ Իրանի արտգործնախարար Արաղչին և ԱՄՆ նախագահի ներկայացուցիչները, Քաթարի միջնորդությամբ, հաղորդագրություններ են փոխանակել։
Թեհրանը ներկայացրել է իր պայմանները: Վաշինգտոնն արձագանքել է առաջարկներին, ինչն այժմ ուսումնասիրվում է Իրանում։ Առայժմ առաջընթաց չկա, սակայն փաստն այն է, որ բանակցային խողովակը գործարկվել է։
Բանակցային գործընթացին միջամտել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։ Tasnim գործակալությունը նշել է, որ Արաղչին կապ է հաստատել Ուիթքոֆի հետ՝ առանց Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի թույլտվության, և պահանջվում է պարզաբանել, թե ո՞վ է նման լիազորություն տվել։
Եթե վստահենք այս պատմությանը, ապա ստացվում է, որ պայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար։ Հետևաբար, կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ նախագահ Փեզեշքիանը և արտգործնախարար Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում քաղաքական գործիչներին ու դիվանագիտությանն իրավունք տալ ինքնուրույն որոշելու խաղաղության գինն ու Հորմուզի ճակատագիրը»:
Աղբյուր՝ AntiFake.am