Բեռնում...
Մեկ տարի առաջ այս օրը փորձեցին լռեցնել մեզ․ չստացվեց․ Աստղիկ Մաթևոսյան
13-11-2026 14:07 | Կարծիք

Մեկ տարի առաջ այս օրը փորձեցին լռեցնել մեզ․ չստացվեց․ Աստղիկ Մաթևոսյան

AntiFake․am-ի գլխավոր խմբագիր, փաստաբան Աստղիկ Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱՅՍ ՕՐԸ ՓՈՐՁԵՑԻՆ ԼՌԵՑՆԵԼ ՄԵԶ։ ՉՍՏԱՑՎԵՑ։

2025 թվականի նոյեմբերի 13։

Օր, երբ պետության ուժային համակարգն իր ամբողջ հզորությամբ գործի դրվեց երկու մարդու խոսքի և մեկ լրատվամիջոցի դեմ։

Մեկ տարի առաջ՝ վաղ առավոտյան, դիմակավորված ԱԱԾ աշխատակիցները ներխուժեցին Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններ։ Նրանց, առանց դիմադրության, ձեռնաշղթաներով տարան իրենց ընտանիքների աչքի առաջ։

Միաժամանակ եկան AntiFake-ի գրասենյակ։

Տարան տեսախցիկները, համակարգիչները, միկրոֆոնները, հիշողության կրիչները, ուղիղ եթերի սարքավորումները։ Տարան անգամ եռոտանիներն ու տեխնիկական մանր պարագաները։

Որովհետև, ըստ երևույթին, իշխանության համար վտանգավոր էին ոչ միայն խոսողները, այլև այն բոլոր միջոցները, որոնցով հնարավոր էր այդ խոսքը հասցնել հանրությանը։

Ձերբակալեցին նաև մեր լրագրող Դավիթ Ֆիդանյանին, որը շուրջ 60 ժամ մնաց անազատության մեջ։ Հաջորդ օրը ձերբակալեցին մեր գործընկեր Իշխան Խոսրովյանին։

Եվ այս ամենը՝ հրապարակային փոդքաստում հնչած արտահայտությունների առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում։

Արտահայտությունների, որոնք արդեն հրապարակված էին, տեսագրված, հասանելի բոլորին։ Որոնց ապացույցները գտնելու համար պետք չէր ներխուժել լրատվամիջոցի գրասենյակ ու առգրավել նրա աշխատանքային ամբողջ տեխնիկան։

Ուրեմն ի՞նչ էին փնտրում մեր տեսախցիկների, միկրոֆոնների ու եռոտանիների մեջ։ Ապացույցնե՞ր, թե՞ լրատվամիջոցի գործունեությունը դադարեցնելու հնարավորություն։

Նարեկն ու Վազգենը ամիսներ անցկացրին կալանքի տակ, հետո՝ ազատությունը սահմանափակող այլ խափանման միջոցների պայմաններում։ Գրեթե մեկ տարի նրանց խոսքի ազատությունը սահմանափակված էր։

Սա միայն մեր գնահատականը չէ։ Տեղեկատվական վեճերի խորհուրդը նրանց նկատմամբ քրեական հետապնդումն ու բանտարկությունը գնահատեց անհամաչափ, իսկ հրապարակային վիրավորանքը խուլիգանություն որակելը՝ վտանգավոր նախադեպ։ Նարեկ Սամսոնյանի պարագայում այս ողջ դատական ֆարսը կառուցված է «հետույք» բառի վրա:

Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակում այս դեպքով հրապարակվեց ամենաբարձր՝ առաջին աստիճանի ահազանգը։

Բայց այս պատմությունը մեզ համար միայն իրավական կամ քաղաքական հարց չէ։

Սա այն մարդկանց պատմությունն է, որոնց հետ տարիներ շարունակ աշխատել եմ։ Այն թիմի պատմությունն է, որի ամենօրյա աշխատանքի, անքուն գիշերների, ստեղծածի ու կառուցածի դեմ մեկ օրում արդեն որերորդ անգամ գործի դրվեց իշխանական լծակներն անձնական մանրախնդրությունը բավարարելու համար:

Ես գիտեմ, թե ինչ աշխատանք է կանգնած յուրաքանչյուր հաղորդման, յուրաքանչյուր հետաքննության, յուրաքանչյուր ուղիղ եթերի հետևում։ Եվ գիտեմ, թե ինչ է նշանակում, երբ այդ ամենը փորձում են մեկ հարվածով ոչնչացնել։

Մեզանից կարելի էր առգրավել տեխնիկան, բայց ոչ սկզբունքները։ Կարելի էր կասեցնել եթերները, բայց ոչ համոզմունքները։ Կարելի էր ամիսներով սահմանափակել մարդկանց ազատությունը, բայց ոչ նրանց խոսելու կամքը։

Եվ այսօր՝ մեկ տարի անց, «Իմնեմնիմին» կրկին եթերում է։ Նարեկն ու Վազգենը կրկին խոսում են։ AntiFake-ը շարունակում է աշխատել։ Մեր լսարանը շարունակում է աճել:

Սա չի ջնջում տեղի ունեցածը։ Չի վերադարձնում անազատության մեջ անցկացրած ամիսները, ընտանիքների ապրած անհանգստությունը, մեր թիմին հասցված վնասը։

Բայց ապացուցում է մի կարևոր բան․ կամայականորեն կարելի է ժամանակավորապես խանգարել մարդկանց աշխատանքը, սակայն հնարավոր չէ պարտադրել նրանց լռել։

Եվ վերջում՝ ամենակարևորը։

Խոսքի ազատությունը միայն այն մարդկանց իրավունքը չէ, որոնց խոսքը հաճելի է իշխանությանը։ Այն առաջին հերթին պաշտպանում է անհարմար, սուր, կոշտ, երբեմն նաև վիրավորական արտահայտություններից զերծ չմնացող քաղաքական խոսքը:

Ժողովրդավարական պետության ուժը ոչ թե քննադատողին ձեռնաշղթաներով տանելու, այլ ամենակոշտ քննադատությունն անգամ իրավաչափ ու համաչափ միջոցներով դիմակայելու կարողության մեջ է։ Այդ է պատճառը, որ մենք ապրում ենք խմբային շահերով կաշկանդված ավտորիտար ռեժիմում:

Նոյեմբերի 13-ը մեզ հիշեցում է, թե որքան կարևոր է քաղաքական հետապնդումների մասին խոսել ԱՄԵՆ ՕՐ:

Մեկ տարի առաջ փորձեցին մեզ լռեցնել։

Մեկ տարի անց մենք այստեղ ենք։ Աշխատում ենք։ Խոսում ենք։ Եվ լռելու մտադրություն չունենք»։

Աղբյուր՝ AntiFake.am