Բեռնում...
Ավելի քան 14 մլն իրանցիներ պատրաստ են իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար. Փեզեշքիան
07-04-2026 12:53 | Լուրեր

Ավելի քան 14 մլն իրանցիներ պատրաստ են իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ավելի քան 14 միլիոն իրանցի պատրաստակամություն է հայտնել իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։

«Ավելի քան 14 միլիոն հպարտ իրանցիներ այս պահի դրությամբ հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ զոհելու իրենց կյանքը ի պաշտպանություն Իրանի։ Ես ևս պատրաստ եմ եղել, կամ ու պատրաստ կլինեմ զոհվել հանուն Իրանի»,- հայտարարել է Իրանի նախագահը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ապրիլի 7-ի երեկոյան կհրամայի լայնածավալ հարձակումներ իրականացնել իրանական քաղաքացիական էլեկտրակայանների և կամուրջների վրա, եթե Թեհրանը չհամաձայնվի գործարքին, որը վերջ կտա ավելի քան 5 շաբաթ շարունակվող պատերազմին։

«Ամբողջ երկիրը կարող է ոչնչացվել մեկ գիշերվա ընթացքում, և այդ գիշերը կարող է լինել վաղը գիշերը»,- հայտարարել է Թրամփն ապրիլի 6-ին Սպիտակ տանը տեղի ունեցած ասուլիսի ընթացքում։ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ ինքը ստիպված չի լինի գնալ այդ քայլին։

Հիշեցնենք, որ Թրամփը վերջնաժամկետ է ներկայացրել Իրանին՝ պահանջելով հրաժարվել միջուկային զենքից և բացել Հորմուզի նեղուցը բոլոր նավերի համար։ Թրամփը հայտարարել է, թե ամերիկյան կողմն ունի ծրագիր, որի համաձայն՝ «Իրանում յուրաքանչյուր կամուրջ կքանդվի» մինչև չորեքշաբթի կեսգիշեր և «որտեղ ամեն էլեկտրակայան Իրանում շարքից դուրս կհանվի, կայրվի, կպայթի և այլևս չի կարողանա շահագործվել»։

Աղբյուր՝ AntiFake.am