Բեռնում...
Նեթանյահուն հրահանգել է ընդլայնել ռազմական գործողությունները Լիբանանում
01-06-2026 15:50 | Լուրեր

Նեթանյահուն հրահանգել է ընդլայնել ռազմական գործողությունները Լիբանանում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հրահանգել է բանակին ընդլայնել ցամաքային գործողությունները Լիբանանի հարավում՝ շարունակելով պայքարը Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահ»-ի դեմ։ Այս մասին գրում է Reuters-ը։ Հայտարարությունը հնչել է կիրակի, ապրիլին կնքված հրադադարից շաբաթներ անց, երբ երկու կողմերի բախումները կրկին սրվել են։

Իսրայելի բանակի տվյալներով՝ վերջին առաջխաղացման ընթացքում զինվորականները վերահսկողության տակ են վերցրել հարավային Լիբանանում գտնվող 900-ամյա Բոֆորտ ամրոցը և հարակից ռազմավարական բարձունքները։ Իսրայելցի զինվորականների գնահատմամբ՝ այդ դիրքերը հնարավորություն են տալիս վերահսկել ինչպես հարավային Լիբանանի, այնպես էլ հյուսիսային Իսրայելի զգալի հատվածներ։

Նեթանյահուն հայտարարել է, որ գործողությունների նպատակն է «խորացնել և ընդլայնել վերահսկողությունը Հեզբոլլահի ազդեցության գոտիներում»։ Ըստ իսրայելական աղբյուրների՝ բանակը ներկայումս առաջ է շարժվում մինչև Զահարանի գետի շրջան՝ ընդլայնելով նախկինում վերահսկվող տարածքները։

Միևնույն ժամանակ «Հեզբոլլահը» շարունակում է հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումները Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելական կողմը նշում է, որ վերջին շաբաթներին խմբավորման կիրառած «կամիկաձե» անօդաչու սարքերը զգալի մարտահրավեր են դարձել հակաօդային պաշտպանության համակարգերի համար։

Լիբանանի իշխանությունների տվյալներով՝ մարտական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 3370-ը, իսկ ավելի քան 1,2 միլիոն մարդ տեղահանվել է։ Իսրայելը հայտնում է 24 զինծառայողի և 4 խաղաղ բնակչի զոհվելու մասին։ Տասնյակ հազարավոր իսրայելցիներ ևս ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը երկրի հյուսիսում։

Կիրակի օրը իսրայելական բանակը տարհանման կոչ է արել Զահարանի գետից հարավ բնակվող քաղաքացիներին։ Լիբանանի պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Դեյր էլ-Զահրանի գյուղի վրա իրականացված ավիահարվածների հետևանքով զոհվել է ութ մարդ։ Անվտանգության աղբյուրների տվյալներով՝ միայն մեկ օրում Իսրայելը ավելի քան 40 հարված է հասցրել հարավային Լիբանանի տարբեր շրջանների։

Լիբանանում իրավիճակի սրման ֆոնին Ֆրանսիան կոչ է արել հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ անհրաժեշտ է անհապաղ քննարկել տարածաշրջանային անվտանգության հետ կապված զարգացումները։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը նշել է, որ Բոֆորտ ամրոցը կպահպանվի որպես Իսրայելի անվտանգության գոտու մաս։ Նրա խոսքով՝ գործողությունը դեռ չի ավարտվել, և Իսրայելը շարունակելու է ճնշումը «Հեզբոլլահ»-ի դեմ։

Լիբանանի իշխանությունները և «Հեզբոլլահը» դեռևս պաշտոնական արձագանք չեն հրապարակել վերջին ռազմական գործողությունների վերաբերյալ։