Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի իշխանության տարիները ապագա սերունդների համար պետք է դառնան դաս
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ և երիտասարդներ,
Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։
Մաղթում եմ ձեզ հաջողություններով, նոր գիտելիքներով և ձեռքբերումներով լի ուսումնական տարի։
Լա՛վ սովորեք։ Սովորեք ոչ միայն մասնագիտություն ձեռք բերելու, այլև մտածելու, վերլուծելու, պատմությունից դասեր քաղելու և սեփական հայրենիքի նկատմամբ պատասխանատվություն կրելու համար։
Սովորեք այնպես, որ վաղը ձեր որոշումների պատճառով հայրենիքը տարածքներ չկորցնի։
Սովորեք այնպես, որ ձեր վարած քաղաքականության հետևանքով մի ամբողջ սերունդ պատերազմի զոհ չդառնա։
Սովորեք այնպես, որ հազարավոր ընտանիքներ չկորցնեն իրենց որդիներին, հայրերին ու եղբայրներին։
Սովորեք այնպես, որ հայ մարդը չդառնա տնավեր ու բռնի տեղահանված, չկորցնի իր տունը, իր հողը և իր հայրենիքում ապրելու իրավունքը։
Սովորեք դիվանագիտություն, որպեսզի բանակցությունները չփոխարինվեն միակողմանի զիջումներով։
Սովորեք պետական կառավարում, որպեսզի պետության ճակատագիրը չորոշվի անպատասխանատու փորձարկումներով։
Սովորեք պատմություն, որպեսզի չկրկնեք այն սխալները, որոնց գինը ժողովուրդները վճարում են մարդկային կյանքերով և հայրենիքի կորստով։
Եվ ամենակարևորը՝ սովորեք պատասխանատվություն կրել սեփական խոսքի, որոշման և ստորագրության համար։
Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի իշխանության տարիները ապագա սերունդների համար պետք է դառնան դաս, թե ինչպիսի ծանր հետևանքներ կարող են ունենալ պետական կառավարման սխալները, ձախողված անվտանգային քաղաքականությունն ու սեփական որոշումների համար պատասխանատվությունից խուսափելը։
Գիտելիքը միայն դիպլոմ չէ։ Գիտելիքը նաև պետություն պահելու, հայրենիք պաշտպանելու և հաջորդ սերնդին ավելի ուժեղ Հայաստան փոխանցելու կարողությունն է։
Բարի՛ ուսումնական տարի ձեզ։
Սովորե՛ք, ստեղծե՛ք և ուժեղացրե՛ք Հայաստանը։ 🇦🇲
#H_Danielyan»: