Մի կողմից հարվածում են եկեղեցու սահմանադրականության հիմքերին, մյուս կողմից՝ եկեղեցու նվիրապետությանը ՝ քայքայելու նպատակով. Հայր Ռուբեն
«Այն, ինչ կատարվում է վերջին տարվա ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ, խոսում է այն մասին, որ մենք իրավական պետություն չենք»,- ասուլիսում ասաց Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
Հայր Սուրբը նշեց, որ այն, ինչ կատարվում է Մասյացոտնի թեմի հետ, մանրակերտն է, թե ինչպիսի երկրում ենք ապրում, մինչդեռ Սահմանադրությամբ հռչակված է, որ Հայաստանը իրավական պետություն է։
«Երբ հռչակվեց Հայրապետական տնօրինությունը՝ Արման Սարոյանի՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվելու մասին, գործադիր իշխանության ղեկավարն անմիջապես արձագանքեց՝ չի ճանաչում Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությունը, որը առնչվում էր եկեղեցու ներքին կառավարման համակարգին։
Այսպես դիրքորոշում, կեցվածք ձևավորվեց, որ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությունը չի ճանաչվում։ Սրան հետևեցին արդեն գործնական քայլեր, որն արտահայտվեց թեմի հովվություններում՝ քահանաների ու քահանաների ընտանիքների հետ առնչված։ Գործի անցան տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները՝ քահանաներին սիրաշահելու, խոստումներ տալու, որոշ դեպքերում սպառնալու՝ ընդհուպ մինչև եկեղեցիներից վտարելու»,- ասաց Հայր Ռուբենը։
Հայր Սուրբը նշեց, որ մի կողմից հարվածում են եկեղեցու Սահմանադրականության հիմքերին, մյուս կողմից՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու նվիրապետությանը ՝ քայքայելու նպատակով։
«Չունենալով իրավունք միջամտելու եկեղեցու ներքին գործերին՝ գործադրի մի քայլով, հայտարարությամբ տեղի ունեցավ այս շղթայական գործընթացը, որը բացասաբար անդրադարձավ թեմի ծուխերի վրա ընդհուպ մինչև հոգևորականների ընտանիքներ, երեխաներ, մոմավաճառաներ, աշխատողներ, մինչև պարզ հավատացյալ։ Սա է դատարանի կայացրած որոշման հետևանքը և ընդհանուր պատկերը»,- ասաց Հայր Սուրբը։
Հայր Ռուբենը նաև ասաց, որ իրեն կանչել էին քննչական կոմիտե. «Հարկադիրն էր դիմել, որ իրենց զգուշացումը չեմ կատարում։ Փաստորեն, իրենք համարել են, որ ինձ զգուշացրել են, դիմել են քննչական՝ գործ հարուցելու համար։ Քննիչն ինձ կանչել էր վկայի կարգավիճակով՝ հասկանալու, թե ինչով եմ խանգարում»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Աղբյուր՝ AntiFake.am