Բեռնում...
ՈՒՂՂԱՓԱՌՈՒԹՅՈՒՆԻՑ սարսափում են միայն հերետիկոսները, այսինքն՝ ոչ-ուղիղ կամ ոչ-ճշմարիտ դավանանք ունեցողները
07-02-2026 00:03 | Կարծիք

ՈՒՂՂԱՓԱՌՈՒԹՅՈՒՆԻՑ սարսափում են միայն հերետիկոսները, այսինքն՝ ոչ-ուղիղ կամ ոչ-ճշմարիտ դավանանք ունեցողները

Աստվածաբան Սարգիս Մելքոնեանը գրել է.

«ՈՒՂՂԱՓԱՌՈՒԹՅՈՒՆԻՑ, որ նշանակում է ուղիղ/ճշմարիտ դավանանք, սարսափում են միայն հերետիկոսները, այսինքն՝ ոչ-ուղիղ կամ ոչ-ճշմարիտ դավանանք ունեցողները։

Քրիստոսի Սուրբ Եկեղեցին ունի մի քանի հատկանիշ, որոնց միջոցով ճանաչվում է տարաբնույթ շեղված մոլորություններից, և դրանցից մեկը ՈՒՂՂԱՓԱՌՈՒԹՅՈՒՆՆ է, որը նշանակում է Քրիստոսի կողմից Առաքյալների միջոցով մարդկությանը փոխանցված վարդապետությանը ուղիղ ու անշեղ ձևով հետևորդություն։

Սա քաղաքական բնորոշում չէ, այլ Ճշմարտությանը հետևելու ամրագրում է։

Սակայն պատմական, քաղաքական և այլ հանգամանքներից ելնելով՝ դարերի ընթացքում Եկեղեցում տեղի են ունեցել բաժանումներ։ Հայոց եկեղեցին բերել և մեր օրեր է հասցրել Ե դարում Եփեսոսի Տիեզերաժողովի ժամանակ ամրագրված ու վավերացված ուղղադավանությունը, որ նույնն է թե ՈՒՂՂԱՓԱՌՈՒԹՅՈՒՆԸ։ Սակայն պատմաքաղաքական տարբեր պատճառներով, հատկապես ԺԹ դարից, երբ փորձ էր արվում կասկածի ենթարկել մեր Սուրբ Եկեղեցու Առաքելականությունը, Հայոց եկեղեցու անունը նշելիս ավանդաբար կիրառվում է ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ձևակերպումը, որը Քրիստոսի Սուրբ Եկեղեցու մյուս հատկանիշներից մեկն է և որով նաև փաստվում է, որ Հայոց եկեղեցին ՈՒՂՂԱՓԱՌ է։

ԺԱ դարում Կոստանդնուպոլսի և Հռոմի եկեղեցական Աթոռների միջև տեղի ունեցած բաժանումից հետո Կոստանդնուպոլսի բյուզանդական ավանդույթին հետևող եկեղեցիներն իրենց ազգային անվանը զուգահեռ սկսել են կիրառել նաև ուղղափառ բնորոշումը, իսկ Հռոմին հետևողները` կաթողիկե/ընդհանրական։

Կոստանդնուպոլսի բյուզանդական ավանդույթին է պատկանում նաև Ռուս ուղղափառ եկեղեցին, և քանի որ, դժբախտաբար, տգիտությունը համամարդկային երևույթ է, ռուսական միջավայրում և Ռուսաստանում մասնավորապես, Հայոց եկեղեցու ՈՒՂՂԱՓԱՌՈՒԹՅՈՒՆԸ պարբերաբար կասկածի տակ դնողներ կան։ Ուստի շեշտելու համար, որ հենց Հայոց եկեղեցին է ՈՒՂՂԱՓԱՌԸ և, մի խոսքով, պաշտպանելու համար Հայոց եկեղեցու իրավունքներն ու Անունը, ոչ միայն Ռուսաստանում, բայց հատկապես Ռուսաստանում Հայոց Առաքելական ձևակերպմանը հաճախ ավելացվում է նաև ՈՒՂՂԱՓԱՌ բնորոշումը։

Հետևաբար, ի հեճուկս մեր օրերում Հայոց Առաքելական Ուղղափառ Ընդհանրական Սուրբ եկեղեցու ինքնուրույնությունը, ուղղադավանությունը և առաքելականությունը վիճարկող քաղաքական ու կրոնական աղանդավորների, Ռուսաստանում և ոչ միայն, մեր Սուրբ եկեղեցու թեմերի կամ ներկայությունների անվան մեջ ՈՒՂՂԱՓԱՌ եզրույթը նշելը` Հայոց եկեղեցու դավանական, վարչական, կանոնական ինքնուրույնության ընդգծման և Եկեղեցու մյուս առաքելահիմն Աթոռների հետ հավասարության ցուցիչ է, այլ ոչ թե հակառակը։

P.S.
Տգիտությունը վատ բան է։ Իսկ գիտակցված ու միտումնավոր տգիտությունը անբարոյականություն է»:

Աղբյուր՝ AntiFake.am