Մեր անցյալը պետք է ոչ միայն հիշել, այլև հասկանալ՝ այն դարձնելով մեր ներկայի գիտակցման և ապագայի կառուցման հիմք
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայկական ավանդության համաձայն՝ մ.թ.ա. 2492 թվականի այս օրը Հայկ Նահապետը հաղթանակ տարավ Բելի նկատմամբ։ Դարերի ընթացքում այդ պատմությունը հայկական ինքնագիտակցության մեջ դարձավ ոչ միայն հաղթանակի, այլև ազատ ապրելու, սեփական ինքնությունը պահպանելու և սեփական ճակատագիրը տնօրինելու կամքի խորհրդանիշ։
Օգոստոսի 11-ը կապվում է նաև Նավասարդ՝ հին հայկական տոմարի նոր տարվա սկզբի հետ։ Մեր նախնիների համար այն նոր շրջափուլի, վերածննդի և համախմբման խորհուրդ ունեցող տոն էր։
Պատմական հիշողությունը միայն անցյալը հիշելու մասին չէ։ Այն ժողովրդի ինքնության, արժեհամակարգի և ապագայի նկատմամբ պատասխանատվության կարևոր բաղադրիչներից է։ Ժողովուրդը, որը գիտակցում է իր պատմական ճանապարհը, ավելի հստակ է հասկանում նաև իր ազգային շահերը, իր առջև ծառացած մարտահրավերներն ու ապագայի նկատմամբ ունեցած պատասխանատվությունը։
Այսօր առավել քան կարևոր է ճանաչել մեր արմատները, պահպանել մեր ազգային ու մշակութային ինքնությունը և հիշել այն երկարատև պայքարը, որի շնորհիվ հայ ժողովուրդը կարողացել է պահպանել իր գոյությունն ու պետականության գաղափարը։
Պատմությունը նաև սովորեցնում է, որ ազգային հաջողությունները չեն կառուցվում մեկ օրվա կամ մեկ իրադարձության վրա։ Դրանք պահանջում են համբերություն, հետևողականություն, միասնականություն և երկարատև պայքար։
Մեր անցյալը պետք է ոչ միայն հիշել, այլև հասկանալ՝ այն դարձնելով մեր ներկայի գիտակցման և ապագայի կառուցման հիմք»:
Աղբյուր՝ AntiFake.am