«Ժողովուրդ». Փաշինյանը իր քաղաքական պահանջները բավարարելու համար քննիչներին, դատախազներին, Իոաննիսյանին հանեց հոգևորականների դեմ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ Հայ առաքելական եկեղեցին ազատելու է Ամենայն հայոց կաթողիկոսից, և անցել է գործնական քայլերի: Սակայն, իր ոճին համահունչ` ոչ իր դեմքով և ոչ իր ձեռքով: Սեպտեմբերի 16-ին Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանան Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցի ժամանակ հայտնել էր, թե 2021 թվականին Վարչապետական օջախն օրհնելուց հետո իր նկատմամբ հալածանքներ է սկսել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոսը, որը Կաթողիկոսի քրոջ որդին է: Նա նաև պատմել էր թե` «2021 թվականի բոլոր ցույցերին ընդդիմության ես մասնակցել եմ, բայց ոչ իմ ցանկությամբ՝ այլ վերադասի»:
Ահա, այս արտահայտության համար Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն դիմել է իրավապահներին` կցելով հարցազրույցը` պահանջելով ստուգել պարտադրանքի տարրերը:
Եվ, ահա, քննչական կոմիտեն սկսեց գործընթաց և Իոաննիսյանին դրեց անհարմար վիճակի մեջ. առանց նրան տեղեկացնելու գործի ընթացքի մասին՝ գիշերվանից սկսեց «հավաքել» 17 հոգևորականների` նրանց թվում կաթողիկոսի քրոջ որդուն:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բացի Իոաննիսյանից, այս գործով հաղորդում է տվել նաև մի քննիչ` արդեն քննչական գործողությունների արդյունքում, որի անունը ճշտվում է:
Ինչ է ստացվում. Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական պահանջները բավարարելու համար քննիչներին, դատախազներին, փաստորեն նաև Իոաննիսյանին հանեց հոգևորականների դեմ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԱԾ-ն 17 հոգևորականների և ծառայողների տուն է մտել խուզարկության` միաժամանակ առգրավելով նրանց ընտանիքների անդամների, այդ թվում՝ անչափահասների հեռախոսները, ապա բերման ենթարկելով բոլորին: Մինչև կեսգիշեր վկայի կարգավիճակով բաց են թողել հոգևորականների մեծ մասին` բացառությամբ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Մուղնու հոգևորական, Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգինի և թեմի 60 ամյա կին ֆինանսիստի, որոնց, ամենայն հավանականությամբ, կկալանավորեն այս գիշեր նշանակված նիստերով:
Այս ձեռագիրն արդեն ծանոթ է. սկզբում մտնում են խուզարկության, հետո նոր մեղադրանք հարուցում: Երեկ եկեղեցու գանձարանները կոտրելով՝ իրավապահները գտան, օրինակ, մեդալներ, գումար, բենզինի կտրոններ և այլն, ցուցադրեցին դա` փորձելով հանրության շրջանում «թալանչու նոստալգիա» առաջացնել եկեղեցու նկատմամբ. հետո կմտածեն, թե ում վրա ինչ մեղադրանք «կարեն»: Փողերի կադրերով ակնհայտորեն լուծվում էր հասարակության վրա ազդելու քաղաքական խնդիրը:
Նույն ձեռագիրն էր ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեպքում. սկզբում Փաշինյանի ընտանեկան թերթը գրեց, թե խուզարկում են և ձերբակալել են բարերարին, հետո պարզվեց, որ հիմքեր չկան ձերբակալելու, ժամեր շարունակ գործ էին սարքում, որն ի վերջո դատարանը ոչ իրավաչափ համարեց: Բայց բարերարը կալանավորված էր:
«Ժողովուրդ» օրաթերթին իրավապահ շրջանակից հայտնի դարձավ, որ թեև Տեր Արամը ուղիղ ցուցմունքներ չի գրել իր վերադաս թեմի առաջնորդի առնչությամբ, սակայն ենթադրաբար «սևագիր» է տվել, որ կաթողիկոսի քրոջ որդին, մյուսները ով ինչ դերակատարում ունեն թեմում, ինչով են զբաղված և այլն:
Ահա այսպես՝ Տեր Արամի ձեռքով չեզոքացնելով և գլխատելով Արագածոտնի թեմին՝ Նիկոլ Փաշինյանը մյուս շաբաթ կգնա Օշական` մասնակցելու Տեր Արամի պատարագին: Փաշինյանական հոգևորականն արդեն հաստատել է, որ ինքն է վարչապետին հրավիրել պատարագի, որ հետո իր բնակիչները Փաշինյանին գյուղի վերաբերյալ հարցեր տալու հնարավորություն ունենան:
Այսինքն՝ Արագածոտնում մարզպետ չկա` ի դեմս Սերգեյ Մովսիսյանի, որ Կառավարությանը հասցնի մարդկանց ուղերձները, Տեր հայրն է զբաղված համայնքի խնդիրներով:
Ի դեպ, երեկ Սաղմոսավանքում պլանավորված հարսանիքները չեն կայացել, քանի որ հոգևորականները եղել են քննչականում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում