«Ժողովուրդ». ՔՊ ցուցակում առաջադրվելուց հրաժարվել է միայն ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ խմբակցության ներսում լարվածություն է առաջացել այն բացահայտումից հետո, որ Անդրանիկ Քոչարյանը ևս դիմել է՝ ընդգրկվելու ՔՊ-ի նախընտրական ցուցակում։
Մեր աղբյուրները նշում են, որ խմբակցության մի մասի համար այս տեղեկությունը անակնկալ է եղել, քանի որ համոզված էին՝ ՔՊ վարչությունը նման երաշխիք չի տա։ Սակայն պարզվել է, որ երաշխավորը ԱԺ-ում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն է։ Աղբյուրների փոխանցմամբ՝ երբ ՔՊ պատգամավորները փորձել են պարզաբանում ստանալ Կոնջորյանից, վերջինս պատասխանել է, որ որպես խմբակցության ղեկավար իրավունք չունի իրեն դիմողների մեջ տարբերություն դնել ու մերժել:
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Անդրանիկ Քոչարյանը անձամբ է այցելել Կոնջորյանին՝ 2026 թվականի ընտրությունների նախընտրական ցուցակում առաջադրվելու երաշխիք ստանալու համար։ Միաժամանակ նշվում է, որ դա դեռ վերջնական քայլ չէ, քանի որ ցուցակը հետագայում «զտվելու» է, և քիչ հավանական է, որ Քոչարյանը կարողանա ապահովել մանդատը։ Նշվում է նաև, որ նրա առաջադրումը լուրջ դժգոհություններ է առաջացրել խմբակցության ներսում։
ArmLur.am-ի տվյալներով՝ ՔՊ խմբակցության գրեթե բոլոր պատգամավորները, բացառությամբ մեկ-երկուսի, արդեն դիմել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար։ Նախընտրական հայտերի ընդունման վերջնաժամկետը լրանում է կիրակի օրը, ինչից հետո կուսակցությունը պետք է ամփոփի նախնական ցուցակը։
Մեր տեղեկություններով՝ ՔՊ ցուցակում առաջադրվելուց հրաժարվել է միայն ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը։ Նա, ով խորհրդարանում է 2022 թվականից, գործընկերներին տեղեկացրել է, որ չի ցանկանում կրկին առաջադրվել և ցանկանում է կենտրոնանալ անձնական կյանքի վրա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։