Բեռնում...
«Ժողովուրդ». Ժաննա Անդրեասյանի ղեկավարած կառույցում կոռուպցիոն իսկական «բում» է
18-10-2025 06:33 | Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Ժաննա Անդրեասյանի ղեկավարած կառույցում կոռուպցիոն իսկական «բում» է

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երեկ Armlur.am-ը տեղեկացրեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Մանկավարժական համալսարան ու կալանավորել ռեկտորին, նրա տեղակալին ու մի քանի աշխատակիցներին: Այնուհետև կոմիտեն պաշտոնապես հաստատեց մեր տեղեկությունները՝ նշելով, որ Կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ու պրոռեկտոր Մարինա Հարությունյանը և էլի մի քանի աշխատակիցներ: Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու համար: Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ սա ուղիղ «հարված» է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, քանի որ ռեկտորը և նրա տեղակալը նախարարի ամենամտերիմ ընկերուհիներն են, ու Անդրեասյանի երաշխիքով են նրանք նշանակվել այդ պաշտոններում: Ավելին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը հենց Ժաննա Անդրեասյանն է, ու սա նշանակում է, որ նրա ղեկավարած կառույցում կոռուպցիոն իսկական «բում» է, և ինքը, որպես հոգաբարձուների խորհրդի, ղեկավար պարտավոր է տիրապետել իրավիճակին:

Ըստ Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ չնայած որ Նիկոլ Փաշինյանը Անդրեասյանի աշխատանքից գոհ է ու նրա հետ լավ հարաբերություններ ունի, չի կարող այս ամենն անհետևանք թողնել: Վարչապետը հանձնարարել է մանրամասն զեկուցել, թե այդ ինչ իրավիճակ է համալասարանում, որից հետո պետք է որոշում կայացնի: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ նախարար Անդրեասյանի կողմից երաշխավորված և բարձր պաշտոնի հասած այլ անձինք էլ առաջիկայում կձերբակալվեն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում