Բեռնում...
«Հրապարակ». Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կնոջ նամակը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին
06-12-2025 14:27 | Լուրեր

«Հրապարակ». Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կնոջ նամակը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին

Պարո՛ն նախագահ

Ես քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կինն եմ: Իմ ամուսնուն արդեն երկրորդ անգամ Փաշինյանի ռեժիմը բանտ է ուղարկել ընդդիմադիր խոսքի եւ քննադատության համար, որում հայհոյանք էլ չի եղել, չնայած որ Հայաստանի Հանրապետությունում տարիներ առաջ, Արեւմուտքի պարտադրմամբ, ծանր վիրավորանքն ապաքրեականացվել է:

Իմ ամուսինը YouTube-ով հեռարձակվող եւ օրեցօր մեծացող լսարան ունեցող հայտնի «Իմնեմնիմի» քաղաքական փոդքասթի համահեղինակն ու վարողն է: Եվ հիմա իր դեմ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հոդվածով, քանի որ փոդքասթի թողարկման ընթացքում ամուսինս անդրադարձել է իր եւ մյուս վարող Վազգեն Սաղաթելյանի հասցեին իշխանականների, ՔՊ-ական պատգամավորների հանրային վիրավորանքներին եւ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանին իր պատասխան խոսքն ուղղելիս օգտագործել է «հետույք» բառը: Ըստ հայ իրավապահների, ՀՀ ԱԺ խոսնակի Facebook-յան հայհոյանք պարունակող կեղտոտ գրառմանն ուղիղ եթերում անդրադառնալիս ամուսնուս արտաբերած «հետույք» բառն իր մեջ խուլիգանության հանցակազմ է պարունակել:

Բանն այն է, որ բանտարկվելուց օրեր առաջ Նարեկն ու Վազգենը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին էին հյուրընկալել «Իմնեմնիմի» փոդքասթին եւ ուղիղ եթերում 7 ժամ անկեղծ եւ ազատ զրույց ունեցել նրա հետ: Այդ թողարկման ավարտին արդեն` լուսադեմին, Նիկոլ Փաշինյանը մի քանի վրդովված ֆեյսբուքյան գրառումներ էր կատարել, որին միացել էին նաեւ իր թիմակիցները եւ կեղտոտ բառապաշարով բազմաթիվ վիրավորական գրառումներ եւ մեկնաբանություն էին գրել փոդքասթ վարողների եւ նախագահի հասցեին: Հենց այդ ժամանակ էլ ԱԺ խոսնակն իր հերթական ֆեյսբուքյան գրառման մեջ իմ ամուսնուն եւ Վազգենին անվանել էր «շան լակոտներ», որի անհամեմատ թույլ պատասխանը՝ «հետույք» բառի կիրառմամբ, ստացել էր հետագա թողարկման ընթացքում, ինչի համար էլ դիմել էր իրավապահներին՝ ամուսնուս եւ Վազգենի դեմ քրեական գործ հարուցելու համար, իսկ ռեժիմի իրավապահները, առանց օրենքի ու օրինականության մասին մտածելու, ստանձնել են քրեական գործ սարքելու պարտականությունը, եւ հաջորդ օրը ԱԱԾ ԱԼՖԱ ջոկատի դիմակավորված ծառայողները ներխուժել են մեր տուն, իմ եւ մեր անչափահաս դուստրերի աչքի առաջ խուզարկել եւ ամուսնուս ձեռքերը ոլորելով, Փաշինյանի սիրելի եղանակներով բերման ենթարկել, չնայած որ նա դիմադրություն ցույց չէր տալիս եւ հետեւում էր իրավապահների բոլոր պահանջներին:

Նույն ժամին նույն սցենարը տեղի է ունեցել Վազգեն Սաղաթելյանի տանը, ինչպես նաեւ՝ Անտիֆեյք լրատվականի գրասենյակում: Լրատվականից անհիմն առգրավել են ամբողջ տեխնիկան. բոլոր համակարգիչները, տեսախցիկները, տեսանկարահանող դրոնները, միկրոֆոնները եւ ձայնագրող սարքերը, շտատիվները, գրասենյակի անվտանգության տեսախցիկների DVR սարքը, մարտկոցները, հիշողության կրիչները, լիցքավորիչները, էներգաբանկերը, ուղիղ եթերի հեռարձակման համար անհրաժեշտ բոլոր սարքերը, եթերային ձայնն ու ձայնի մաքրությունն ապահովող սարքերը, լարերը:
Լրատվականին իր գործունեությունն ապահովող տեխնիկայից զրկելը միայն մեկ նպատակ էր հետապնդում` դադարեցնել լրատվականի գործունեությունը եւ ուղիղ նյութական վնաս հասցնել:
Այդ ամբողջ տեխնիկան ձեռք էր բերվել համակիրների շնորհիվ, եւ, բարեբախտաբար, կրկին հայտնվեցին աջակիցներ, որոնք իրենց անձնական միջոցներով մեկ օրում լրատվականին ապահովեցին անհրաժեշտ տեխնիկայով, որպեսզի կարողանա շարունակել իր գործունեությունը, եւ ընդդիմադիր խոսքը կրկին հնչի: Պարզից էլ պարզ է, որ սա միջոց է ՀՀ-ում ընդդիմադիր խոսքը լռեցնելու եւ մյուս ընդդիմադիրներին այս օրինակով վախեցնելու համար:

Իմ ամուսինն ու Վազգենը նոյեմբերի 13-ից ապօրինի ազատազրկված են եւ գտնվում են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Իրենց տեսակցությունները փակ են, ասես մարդ են սպանել կամ հայրենիքը թշնամուն հանձնել՝ սեփական շահի համար:

Հետեւելով Ֆրանսիայում գործունեություն ծավալող լրատվականների աշխատանքին, տեսնելով, թե ինչպիսի անկաշկանդ բառամթերք են կիրառում թե՛ քաղաքական, թե՛ ժամանցային հաղորդումներում, տեսնելով, որ եթերային խոսքում օգտագործվող հայհոյանքը` անգամ Ձեր հասցեին, չի ընկալվում որպես խուլիգանություն եւ մարդկանց բանտ ուղարկելու առիթ չի դառնում, չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես եք Փաշինյանի ձեռքը սեղմում` լավ տեսնելով, թե ինչպես է նա ռեպրեսիվ մեթոդներով քաղաքական հետապնդումների ենթարկում իր ընդդիմախոսներին եւ ոտքերը սրբում իրական արդարադատության վրա:

Արդեն մեկ անգամ միջազգային կառույցներն արձանագրել են, որ իմ ամուսինն ու «Իմնեմնիմի» փոդքասթի մյուս վարող Վազգեն Սաղաթելյանն ազատազրկման են ենթարկվել իրենց փոդքասթում կառավարությանը եւ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար: Այս ձեւակերպումը կարող եք գտնել Freedom House-ի եւ Amnesty International-ի 2024 թ․ զեկույցներում: Freedom House-ի զեկույցում անգամ հրապարակվել է ամուսնուս գազանաբար բերման ենթարկելու կադրերի հղումը: Լրագրողների եվրոպական ֆեդերացիան եւս դատապարտել է ՀՀ իշխանությունների կողմից քրեական օրենսդրության չարաշահումը՝ մամուլի եւ խոսքի ազատությունը ճնշելու համար: Տեղական կառույցները եւս դատապարտել են իշխանությունների այս գործելաոճը եւ պահանջել անհապաղ ազատ արձակել Նարեկին եւ Վազգենին: Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը եւս զեկույց է կազմել «Իմնեմնիմի»-ի գործի վերաբերյալ: Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը ծավալուն զեկույց էր կազմել Նարեկի եւ Վազգենի նախորդ եւ ներկայիս քրեական հետապնդումների մասին:
Իմ ամուսնու եւ Վազգենի դեմ իշխանությունների կողմից հարուցված քրեական հետապնդումները մարդու իրավունքների, ազատ խոսքի իրացման կոպտագույն խախտումներ են, եւ նրանք ապօրինաբար են հետապնդվում: Ասվածն ապացուցելու է գալիս այն հանգամանքը, որ ՀՀ-ում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն արդեն մեկ անգամ արդարացման վերդիկտ է կայացրել «Իմնեմնիմի»-ի նախորդ նույնաբովանդակ քրեական գործով:

Դիմում եմ Ձեզ եւ ոչ թե Հայաստանի Հանրապետությունում Ձեր երկրի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին, քանի որ վստահ չեմ, որ Ձեր դեսպանը քաղաքականապես չեզոք է: Տեղեկացնում եմ Ձեզ, որ իմանաք` ում եք պաշտպանում, եւ Ձեր պաշտպանության հետեւանքով ինչեր են տեղի ունենում Հայաստանում: Դիմում եմ Ձեզ՝ ակնկալիքով, որ հնարավորության դեպքում Փաշինյանին ասեք, որ իր այս գործելաոճը ժողովրդավարության հետ աղերս չունի եւ տանում է դեպի տոտալիտարիզմ:
Կարծո՞ւմ եք, որ հանուն գերտերությունների միջեւ ընթացող հեգեմոնիայի հասնելու պայքարում հաղթելու, արժե աչք փակել Փաշինյանի տոտալիտար հակումների վրա եւ չտեսնել, որ նա ոչ թե ժողովրդավարական արժեքների կրող է, այլ՝ դասական բռնապետ, որին թույլատրված է միայն գովերգել, իսկ նրանք, ովքեր կհանդգնեն քննադատել, պետք է ուղարկվեն բանտեր: Ի տարբերություն Քադաֆիի` Փաշինյանը միայն ցուցարարների չի սպանել... դեռ:

Նարեկ Սամսոնյանը քաղաքական բանտարկյալ է, բանտարկված սեփական երկրում, ով ռոմանտիկորեն հավատում է ժողովրդավարությանն ու ժողովրդավարական արժեքներին:

Լուսինե Առաքելյան