Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա
Այսօր՝ հուլիսի 12-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վաղարշյան փողոցի 24/6 շենքի բակային հատվածում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կան վիրավորներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ, ովքեր ըստ դեպքի վայրում հավաքվածների 2 հոգի բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։
Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակ, վնասված ավտոմեքենաներ, մեկ այլ ավտոմեքենայի վրա էլ առկա է կրակոցի հետք, իսկ մեկ այլ ավտոմքենայի վրա՝ արնանման հետքեր, հայտնաբերվել է նաև կացինի պոչ, որի վրա նույնպես կա արնանման հետքեր, գլխարկներ, հողաթափեր, որոնց վրա նույնպես առկա են արնանման հետքեր։
Աղբյուր՝ Shamshyan.com