Սուրենյանցը, բոլոր քաղկալանավորներին իր զորակցությունը հայտնեց, հատկապես Նարեկ Սամսոնյանին, որն այս պահին անժամկետ հացադուլի մեջ է
«Այսօր շատ կարևոր է, որ ընդդիմադիր կուսակցությունները, անկախ տարաձայնություններից, առնվազն երրկու հարցում միասնական ճակատ ունենան ու հետևողական պայքար ծավալեն։ Հայաստանում պետք է դադարեցվեն ռեպրեսիաները, Հայաստանում չպետք է լինեն քաղկալանավորներ»,-լրագրողների հետ հանդիպմանն նախօրեին հայտարարեց քաղաքագետ, ԴԱԿ նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Առիթն օգտագործելով, Սուրենյանցը, բոլոր քաղկալանավորներին իր զորակցությունը հայտնեց, հատկապես Նարեկ Սամսոնյանին, որն այս պահին անժամկետ հացադուլի մեջ է։
«Որ երկրում կան քաղկալանավորներ, այնտեղ ընտրությունների մրցակցային բաղադրիչը վտանգված է։ Չի կարող քաղկալանավորների առկայության պայմաններում տեղի ունենան օրինական ընտրություններ։ Աշխարհում նման նախադեպ չկա։ Իշխանությունը հենց այդ նպատակով էլ մարդկանց պատանդ է վերցնում, որպեսզի հասարակության մեջ վախ ներշնչի, բռնում են մեկին, վախեցնում են հարյուրավորներին կամ հազարավորներին»,-ասաց Սուրենյանցը։
Նա ընդգծեց՝ ռեպրեսիաների դադարեցման առումով կարևոր հարց է նաև եկեղեցու դեմ իրականացվող հակաիրավական, հակասահմանադրական կամպանիայի կասեցում։
«Այս երկու հարցում ընդդիմությունը պետք է գործի նպատակային ու խիստ միասնական, կապ չունի, թե քանի ցուցակով կմասնակցեն ընտրություններին։ Նիկոլ Փաշինյանը մեր երկրի ճակատին փակցրել է քաղկալանավորներ ունենալու ամոթալի խարանը, սա խայտառակություն է, երբ մարդիկ կարծիք ունենալու համար հայտնվում են բանտերում։ Ես էլ եմ կարծիք ունենալու համար երկու անգամ բանտում հայտնվել քաղկալանավորի կարգավիճակով՝ 2004-2008 թվերին։ Բայց իմ կալանքը կոմֆորտ պայմաններում է ընթացել։ Այն ժամանակ ակտիվ փողոց կար, այն ժամանակ կար միջազգային հանրության շատ ուեղ ճնշում իշխանությունների վրա, բազմաթիվ բաներ կային այն ժամանակ, որ հիմա չկան։ Ես իմ 15-օրյա հացադուլով շատ մեծ հաջողություններ եմ գրանցել 2008թ. մարտի 1-ի դեպքերի ժամանակ։ Ես հիշում եմ, որ իմ մոտ այնքան դեսպան ու դիվանգետ էր այցի գալիս, երբ քաղկալանավոր էի, ինձ թվում էր, ուղղակի աշխատանքիս տեղը փոխել եմ, ՔԿՀ-ում գործի եմ։ Օրակարագ էինք թելադրում։ Իմ հացադուլի մասին ես ինքս տեղեկատվություն էի ստանում «Ազատություն» ՌԿ-ից, այն սկսում էր իմ հացադուլի մասին ռեպորտաժով։ Հիմա ցավոք սրտի, նման բան չկա։ Հումանիստ արևմուտքը խուլ ու համր է դարձել։ Չկարծեք, որ նրանք չգիտեն այն այլանդակությունների մասին, որն անում է Նիկոլ Փաշինյանը։ Բայց նրանք արժեքները մի կողմ են դրել, աշխարհքաղաքական շահերով են առաջնորդվում։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Հայաստանը դարձնել պրոքսի պատերազմի գործիք, ինչն այս պահին ձեռնտու է Արևմուտքին։ Դրա համար արևմուտքը խուլ ու համր է դարձել, չնկատելու է տալիս, ու պատասխանատվություն է կրում Հայաստանում ձևավորված այս այլանդակության համար։ Պատկերավոր մի բան ասեմ, եթե Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում մարդ ուտի և կարողանա իր զոհին ներկայացել որպես ռուսական գործակալ, Կայա Կալլասը ծափահարելու է ու ասի՝ կեցցե հայաստանյան ժողովրդավարությունը։ Վստահ եղեք»,-ասաց Սուրենյանը։
Աղբյուր՝ AntiFake.am