Նարեկի հացադուլի 13-րդ օրը. ԲԺԻՇԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ
Բժիշկ Քեյթ Թաիրյանը գրել է.
«Նարեկի հացադուլի 13-րդ օրը. ԲԺԻՇԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ
Հանրությունն իրավունք ունի տեղեկացված լինել բանտախցում 13 օր հացադուլի մեջ գտնվող քաղբանտարկյալի առողջական վիճակի մասին:
Նարեկին այցելած բժիշկները, եթե ո՛չ մասնագիտական, ապա՛ գոնե բարոյական պարտավորություն ունեն հանրությանը պարբերաբար տեղեկացնել Նարեկի առողջական վիճակի մասին:
Եթե բժիշկները հրաժարվում են իրազեկել հանրությանը, պետք է պահանջել, որ Կարմիր Խաչից այցելեն Նարեկին և օբյեկտիվ մասնագիտական տեղեկություն տան մեզ բոլորիս:
Antifake-ի թիմը և Նարեկի պաշտպանները հնարավոր և անհնար միջոցներով պայքարում են Նարեկի ազատ արձակման համար: Սակայն իրավաբաններն ու լրագրողները պարտավոր չեն լիարժեք պատկերացում ունենալ հացադուլի կլինիկական հետևանքների մասին և մասնագիտական կանխատեսումներ անել: Դա կարող են անել ՄԻԱՅՆ ԲԺԻՇԿՆԵՐԸ:
Նարեկի արդար պահանջն ունի հանրային նշանակություն: Սա անձնական խնդիր չէ. Նարեկի բողոքը մեր երկրում դատաիրավական համակարգի ապօրինությունների և ընդիմադիրների հանդեպ ահագնացող ռեպրեսիաների մասին է: Նարեկը վտանգում է իր կյանքն ու առողջությունը այդ նպատակի համար:
Նարեկին խոշտանգում են մեր բոլորի հանրային միջոցներով, և մեր իրավունքն է տեղեկանալ նրա պահման պայմանների մասին, նրա կյանքին և առողջությանը սպառնացող բոլոր վտանգների մասին:
Ինչպե՞ս է փոփոխվել Նարեկի քաշը հունվարի 9-ից հետո: Ի՞նչ արագությամբ է նա կորցնում քաշը: Մարմնի զանգվածի ո՞ր տոկոսն է նա կորցրել հացադուլը սկսելուց հետո: Ինչպիսի՞ ռիսկեր կան, եթե չբավարարվեն Նարեկի արդարացի պահանջները:
Հ.Գ. պատմությանը հայտնի են բազմաթիվ օրինակներ, երբ բժիշկներն իրենք են միացել հացադուլների` արդարության պահանջով (նկարում պաղեստինցիներին սովամահության մատնելու դեմ հացադուլին միացած 15 հազար իտալիացի բժիշկների օրինակն է, ընդամենը մի քանի ամիս առաջ):
#ազատություն Նարեկին և բոլոր քաղաքական հալածյալներին»: