Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է սփյուռքահայ երիտասարդներին
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած հայագիտական և կրոնագիտական դասընթացների առիթով սփյուռքի տարբեր թեմերից ժամանած շուրջ 30 երիտասարդների։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ արդեն երկրորդ տարին իրականացվող դասընթացների նպատակն է զորացնել երիտասարդների հայոց լեզվի և պատմության իմացությունը, հարստացնել նրանց հոգևոր գիտելիքները, ինչպես նաև հաղորդակից դարձնել հայրենիքի հոգևոր-մշակութային ժառանգությանն ու ազգային արժեքներին։ Ծրագրի շրջանակներում հայորդիների համար կազմակերպվում են նաև մշակութային միջոցառումներ և ուխտագնացություններ դեպի Հայաստանի տարբեր սրբավայրեր։
Ծրագիրը համակարգում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրի փոխտնօրեն Հոգեշնորհ Տ․ Շնորհք աբեղա Սարգսյանը։ Ծրագրին կազմակերպչական հարցերում իրենց օգտակարությունն են բերում նաև Ղազարավանի միանձնուհիները։
Իր խոսքում Նորին Սրբությունն ուրախություն է հայտնել տարբեր երկրներից ժամանած հայորդիների՝ Սուրբ Էջմիածնում համախմբման առիթով և հետաքրքրվեց նրանց առօրյայով ու ուսումնառության ընթացքով։
Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ նման կրթական ծրագրերը նպատակաուղղված են սփյուռքահայ երիտասարդների հայեցի դաստիարակության ու կրթության ապահովմանը, ազգային և հոգևոր ինքնության զորացմանը, ինչպես նաև Եկեղեցու և հայրենիքի հետ կապի առավել ամրապնդմանը։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել է հայորդիներին ձեռք բերած գիտելիքները ծառայեցնել իրենց աշխարհասփյուռ համայնքների ու ազգային-եկեղեցական կյանքի զորացմանը։
Աղբյուր՝ AntiFake.am