Հայտնի է՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով առաջին դատական նիստի օրը
Հարգելի գործընկերներ,
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմի-2»-ի գործ) առաջին դատական նիստը տեղի կունենա հունվարի 9-ին (ուրբաթ), ժամը 14:00-ին Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20):
ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին ժամը 13:30-ին հրավիրում ենք դատարանի բակ, որտեղ փաստաբանները և AntiFake.am-ի ներկայացուցիչները հանդես կգան հայտարարություններով, որից հետո՝ դատական նիստերի դահլիճ՝ ներկա լինելու և աջակցելու երկու ամիս խոսքի համար ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան դիմակավորված ԱԱԾ-ականները մուտք են գործել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններ խուզարկություններ իրականացնելու համար և ձերբակալել նրանց։ Ավելի ուշ խուզարկություն է կատարվել AntiFake.am-ի գրասենյակում, ինչի արդյունքում առգրավվել է ողջ տեսանկարահանող տեխնիկան, բարձրախոսներն ու անգամ դրանց եռոտանիները։ Խուզարկությունից հետո ձերբակալվել է կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանը (ով անազատության մեջ գտնվելուց գրեթե 60 ժամ անց ազատ է արձակվել): Հաջորդ օրը՝ նոյեմբերի 14-ի վաղ առավոտյան իր տան բակից ձերբակալվել է կայքի օպերատոր Իշխան Խոսրովյանը (ով անազատության մեջ գտնվելուց մի քանի ժամ անց ազատ է արձակվել):
Նոյեմբերի 13-ին դատավորներ Մասիս Մելքոնյանի և Ռոման Սմբատյանի կողմից Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին երկու ամսով կալանավորելու որոշումներ են կայացվել։ Որոշումները բողոքարկվել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։ Նարեկ Սամսոնյանի կալանքի որոշման դեմ բողոքը մակագրվել է դատավոր Աննա Մաթևոսյանին, որը որոշման հրապարակման օր է սահմանել դեկտեմբերի 18-ը, այնուհետև հետաձգել է 11 օրով՝ սահմանելով դեկտեմբերի 29-ը։ Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշման դեմ բողոքը մակագրվել է դատավոր Ադրինե Ղուկասյանին, որը որոշման հրապարակման օր է սահմանել դեկտեմբերի 22-ը, այնուհետև հետաձգել է 8 օրով՝ սահմանելով դեկտեմբերի 30-ը։
Նշենք, որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել և կալանավորվել են խուլիգանության հոդվածով՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի բողոքի հիման վրա «Իմնեմնիմի» փոդքասթի ժամանակ Ալեն Սիմոնյանի ավելի վաղ արված վիրավորական արտահայտություններին արձագանքելու համար։
Նարեկ Սամսոնյանին սույն քրեական գործի շրջանակներում որպես խուլիգանական արարք վերագրվում է «հետույք» բառը փոդքասթի եթերում հնչեցնելը։
Աղբյուր՝ AntiFake.am