Սյունիքի նախկին մարզպետը մրցում է քրոջ որդու հետ. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, որ վերջին տարիներին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականն էր, նախօրեին ազատվել է պաշտոնից, սակայն մտադիր է ակտիվ կյանքով ապրել:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա ուզում է համոզել մարզի ՔՊ-ականներին, որ իր թեկնածությունն առաջադրեն աշնանը Գորիսում կայանալիք ՏԻՄ ընտրություններում։ Թեկնածուների թվում է նաեւ նրա քրոջ որդին՝ Դավիթ Ղուլունցը, որը ներկայում Տեղ համայնքի ղեկավարն է, իսկ Տեղը միացվելու է Գորիսին: Սակայն Մելիքսեթ Պողոսյանը ՔՊ-ականներին փորձում է համոզել, որ իր թեկնածությունն ավելի մրցունակ է, իրեն Տեղում սիրում են` ի տարբերություն քրոջ որդու, ու եթե ինքն առաջադրվի, ապա Առուշ Առուշանյանը դժվար թե ջախջախիչ հաղթանակ տանի։ Բնականաբար, իշխանությունների հետ «շոկոլադնի» հարաբերությունների մեջ գտնվող Առուշանյանն էլ է առաջադրվելու, թեպետ ՔՊ-ն դեռ որոշակիորեն զգուշանում է նրանից եւ «յուրային» չի համարում, ուստի շատ կուզենար այնպիսի թեկնածու ունենալ, որ հաղթեր Առուշին։
Բանն այն է, որ ՔՊ-ում ներքին որոշում ունեն՝ թեկնածու են առաջադրելու միայն կուսակցականներին, իսկ Առուշանյանը պատրաստ չէ հիմնահատակ խայտառակվել` ՔՊ-ին անդամագրվելով։ Մելիքսեթ Պողոսյանն առաջադրվելու դեպքում չի կարող Առուշանյանին տապալել, բայց կարծում է, որ չի թողնի՝ նա մեծ տոկոսներով հաղթանակ տանի։ Արդյո՞ք ՔՊ-ն նրա վրա խաղադրույք կկատարի, մեր աղբյուրները չկարողացան պատասխանել։