Բեռնում...
Այսպիսի հետապնդումների գլխավոր նպատակը ընդդիմադիրներին, իշխանության քննադատներին, անկախ լրատվամիջոցներին մեխանիկորեն խանգարելը, կաշկանդելը, քաշքշուկներով զբաղեցնելն է. Վրթանեսյան
18-03-2026 18:28 | Կարծիք

Այսպիսի հետապնդումների գլխավոր նպատակը ընդդիմադիրներին, իշխանության քննադատներին, անկախ լրատվամիջոցներին մեխանիկորեն խանգարելը, կաշկանդելը, քաշքշուկներով զբաղեցնելն է. Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արմինե Օհանյանի հեղինակած 20 նյութ կարդացի՝ փորձելով հասկանալ, թե դրանցից կոնկրետ որն է պատրվակ դարձել քրգործ հարուցելու։

Հիշեցնեմ, որ «Հրապարակի» գլխավոր խմբագրին երեկ հարցաքննել են 2024-ի դեկտեմբերին գրված մի խմբագրականի համար, որն իբր «պարունակում է բռնի իշխանափոխության հրապարակային կոչեր»։

«Հրապարակի» կայքում 2024-ի դեկտեմբերին նրա ստորագրությամբ հրապարակված 20 նյութերից մի մասի հետ կվիճեի, իսկ մի մասի հետ էլ միանշանակ համաձայն եմ։ Բայց որևէ նյութում որևէ հանցանքի նշույլ անգամ չնկատեցի։

Օրինակ՝ Արմինեի այս մտքի հետ դժվար է չհամաձայնվել. «Այս տարիների կորուստների ու բացթողումների վտանգն այդքան մեծ չէր լինի, եթե կորսված չլիներ նաեւ հեռանկարը: Եթե Փաշինյանի իշխանությունն այսքան նեղացրած չլիներ մեր հնարավորությունների պատուհանը, այսքան ոչնչացրած չլիներ ապագա ունենալու բոլոր շանսերը»:

Այո՛, Նիկոլը շատ ավելի մեծ հանցանք է գործել ազգի հանդեպ, քան Արցախը հանձնելը (ինչն ինքնին աններելի է, բայց հիմա նա ազգակործանման նոր՝ ավելի լայն «հորիզոններ է բացահայտում»)։ Ըստ էության նա ազգի ապագան է գողանում, ոտքի կանգնելու նույնիսկ ամենաանշան շանսն է խեղդում։ Նիկոլի ամենակատաղի քննադատներից շատ քչերն են այս իրողությունը լիովին գիտակցում։

Ինչևէ, ենթադրում եմ, որ քննիչները կառչել են «Սիրիացի զինյալների չափ էլ չկաք» վերնագրով նյութից։

Մեջբերում. «Երբ բանակի գեներալները` ԶՈՒ ԳՇ պետի գլխավորությամբ, հայտարարություն արեցին եւ պահանջեցին Փաշինյանի հրաժարականը, շատերն էին ասում` ոչ թե հայտարարություն է պետք անել, այլ՝ գործողություններ: Բայց մեր զինվորականները, քաղաքական գործիչները, մտավորականները` բոլորը, վախենում էին միջազգային հանրության արձագանքից եւ չգնացին կտրուկ քայլերի, այլ թույլ տվեցին, որ իրենց հատիկ առ հատիկ կոտրեն, ծեծեն, նվաստացնեն, նստեցնեն, աշխատանքից ազատեն: Հիմա այդ մարդիկ գոնե հետեւո՞ւմ են սիրիական դեպքերին: Տեսնո՞ւմ են, թե ինչպես է աշխարհը հաշտվում զինյալ հանցագործների՝ իշխանության գալու հետ: Ինչպես են ողջունում դրսից հովանավորվող ընդդիմության հաղթանակը, ինչպես են պետության գլխին կարգում նրանց, որոնց համար ժամանակին գլխագին էին առաջարկում եւ ցմահ բանտարկությամբ սպառնում: Այո, հաղթողներին չեն դատում»։

Սա մոտավորապես նույն կարգի մատից ծծած գործ է, որքան որ Միքայել սրբազանի դեմ գործը։

Իրականում Նիկոլն էլ, իր կամակատարներն էլ շատ լավ գիտեն, որ սա իրավական հեռանկար չունեցող գործ է։ Բայց այս տիպի գործերի նպատակը արդարադատությունը չէ բնավ, ոչ էլ թեկուզ ՀՀ դատարանում հաղթելը (ՄԻԵԴ-ում նիկոլապետությունը ընդհանրապես որևէ շանս չունի այսպիսի գործերով հաղթելու)։ Այսպիսի հետապնդումների գլխավոր նպատակը ընդդիմադիրներին, իշխանության քննադատներին, անկախ լրատվամիջոցներին մեխանիկորեն խանգարելը, կաշկանդելը, քաշքշուկներով զբաղեցնելն է։

Այս տիպի հետապնդումներն անգլերեն կոչվում են «Strategic lawsuit against public participation» (SLAPP). իշխանության համար անցանկալի անձանց և խմբերին «քաղաքականությունից հեռու պահելու» ու լռեցնելու գործիք է սա։

Հիշեցնեմ, որ սա «Հրապարակի» դեմ արշավի ամենաթարմ դրվագն է, բայց ոչ միակը. օրինակ՝ Նիկոլն էլ իր հերթին է դատի տվել լրատվամիջոցին։

Հիշեցնեմ նաև, որ «Հրապարակը» միակ լրատվամիջոցը չէ, որ հայտնվել է նիկոլապետության թիրախում. տարբեր տրամաչափի քպ-ական պաշտոնյաներ նույն կերպ ընկած են «Փաստինֆոյի», 168.am-ի, «Անտիֆեյքի» և այլ լրատվամիջոցների հետևից...

* * *

Որպես եզրափակում մի կարևոր նկատառում էլ. պարբերաբար կարծիք եմ լսում, թե այս քաղաքական հետապնդումները «նախընտրական սրացումներ են» ու թե ընտրություններից հետո Նիկոլը կխաղաղվի։ Այսպիսի սին հույսեր տածելը բռնապետության մեխանիզմներն ու տրամաբանությունը չհասկանալու հետևանք է։

Բռնապետությունները եթե չեն հանդիպում հակազդեցության (լինի դա քաղաքացիների դիմադրություն, թե արտաքին ճնշում), հակված են հետևողական ձևով ավելի ու ավելի ահագնացնելու քաղաքական հետապնդումներն ու բռնաճնշումները։

Առկա հանցագործությունները «մարսելու» համար, նրանք ավելի մեծ հանցագործությունների են դիմում, ինչքան ավելի շատ հանցանքներ են գործում, այնքան ավելի անկաշկանդ են դառնում նոր «կարմիր գծեր» հատելու գործում...

Կա ևս մեկ խիստ պրագմատիկ բաղադրիչ. Նիկոլի ռեպրեսիվ ապարատի նյութական շահը։ Ոստիկաններից սկսած քննիչներով վերջացրած բոլորը գիտեն, որ ավելի մեծ պարգևավճարներ ու պաշտոնի բարձրացում ստանալու համար պետք է շեֆին ամեն օր «ուրախացնեն»։ Սա նշանակում է, որ այդ մարդիկ 24/7 ռեժիմով առիթներ են փնտրում, թե է՛լ ում գլխին կարող են մի գործ սարքել։ Այսպես են ծնվում ֆեյսբուքյան գրառումների համար գործերը, «հյուսիսային տերևաթափները» ու նմանատիպ այլ բեմականացումներ։

Օրինականության և (իրական) ժողովրդավարության վերադարձ կարող է լինել միայն ու միայն նիկոլական ռեժիմը իշխանությունից զրկելու դեպքում»։