Բեռնում...
Իսրայելին անվերապահ աջակցելու քաղաքականությունը կարող է վերածվել ԱՄՆ-ի ամենածանր և ամենաթանկարժեք արտաքին քաղաքական ռազմավարություններից մեկին
21-07-2026 17:32 | Կարծիք

Իսրայելին անվերապահ աջակցելու քաղաքականությունը կարող է վերածվել ԱՄՆ-ի ամենածանր և ամենաթանկարժեք արտաքին քաղաքական ռազմավարություններից մեկին

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իսրայելին անվերապահ աջակցելու քաղաքականությունը կարող է վերածվել ԱՄՆ-ի վերջին տասնամյակների ամենածանր և ամենաթանկարժեք արտաքին քաղաքական ռազմավարություններից մեկի։

1980-ականների կեսերից ի վեր առաջին անգամ ամերիկյան հասարակության զգալի հատվածի վերաբերմունքը Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի քաղաքականության նկատմամբ այսքան ակնհայտ փոփոխության է ենթարկվում։ Եթե ներկայիս միտումները շարունակվեն, ապա Իսրայելին աջակցությունն այլևս չի դիտարկվի որպես երկկուսակցական անվիճելի համաձայնության հարց, այլ կվերածվի ԱՄՆ ներքաղաքական պայքարի առանցքային թեմաներից մեկի։

Գրեթե չորս տասնամյակ ԱՄՆ քաղաքական էլիտան պահպանել է Իսրայելին աջակցելու շուրջ կայուն երկկուսակցական կոնսենսուս։ Սակայն այսօր այդ մոտեցումն աստիճանաբար կորցնում է իր անառարկելի բնույթը։ Երիտասարդ ընտրողները, անկախ քաղաքական ուժերը և ավանդական ընտրազանգվածի մի զգալի հատված արտաքին քաղաքականությունը գնալով ավելի հաճախ գնահատում են ոչ թե աշխարհաքաղաքական, այլ դրա տնտեսական և սոցիալական հետևանքների տեսանկյունից՝ ամերիկացի քաղաքացիների համար։

Այս փոփոխությունները հաստատվում են նաև հասարակական կարծիքի վերջին ուսումնասիրություններով։ Fox News-ի հրապարակած հարցման համաձայն՝ ամերիկացիների 69 տոկոսը դժգոհ է Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությունից Իրանի հետ պատերազմի հարցում։ Միաժամանակ, The Economist-ի գնահատմամբ՝ Իրանի դեմ ընթացող պատերազմը դարձել է ԱՄՆ-ի նորագույն պատմության ամենաանհանրաճանաչ ռազմական գործողություններից մեկը՝ նույնիսկ գերազանցելով Վիետնամի պատերազմի նկատմամբ արձանագրված բացասական հասարակական վերաբերմունքը։

Լրացուցիչ մարտահրավեր է նաև ԱՄՆ ռազմավարական նավթային պաշարների կտրուկ նվազումը։ Ներկայիս ճգնաժամի ընթացքում դրանց ծավալը հասել է 1983 թվականից ի վեր ամենացածր մակարդակին, ինչը վերջին ավելի քան չորս տասնամյակների նվազագույն ցուցանիշն է։ Սա զգալիորեն սահմանափակում է Վաշինգտոնի հնարավորությունները՝ համաշխարհային նավթային շուկայում գների կտրուկ աճը մեղմելու նպատակով օգտագործելու ռազմավարական պահուստները, եթե հակամարտությունը շարունակի խորանալ։

Եթե Մերձավոր Արևելքում հակամարտությունը ձգձգվի և հանգեցնի նավթի գների հետագա աճի, գնաճի խորացման ու ամերիկացիների կենսամակարդակի անկման, ապա ընտրողների զգալի մասը այդ հետևանքները կարող է ուղղակիորեն կապել գործող վարչակազմի արտաքին քաղաքականության հետ։ Այդ պարագայում 2026 թվականի նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունները կարող են դառնալ ոչ միայն հանրապետականների և դեմոկրատների միջև հերթական քաղաքական մրցակցությունը, այլև յուրատեսակ հանրաքվե՝ Միացյալ Նահանգների՝ Մերձավոր Արևելքում հետագա ներգրավվածության վերաբերյալ։

Եթե այս միտումները շարունակվեն, ապա ԱՄՆ արտաքին և ներքին քաղաքականությունը կարող է կանգնել վերջին չորս տասնամյակների ամենախոշոր վերափոխումներից մեկի առաջ։ Դա կարող է հանգեցնել ոչ միայն Վաշինգտոնի մերձավորարևելյան ռազմավարության վերանայմանը, այլև Միացյալ Նահանգների դերի վերաիմաստավորմանը տարածաշրջանում՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժը կձևավորի հաջորդ իշխանությունը»։


Աղբյուր՝ AntiFake.am