Բեռնում...
Փաշինյանի խոսքում առկա է մի վտանգավոր ենթադրություն․ եթե ես մնացել եմ իշխանության, ուրեմն իմ քաղաքական գիծը ժողովրդի ցանկությունն է
14-02-2026 15:01 | Կարծիք

Փաշինյանի խոսքում առկա է մի վտանգավոր ենթադրություն․ եթե ես մնացել եմ իշխանության, ուրեմն իմ քաղաքական գիծը ժողովրդի ցանկությունն է

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախօրեին Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ պոպուլիստական և քաղաքականապես հակապետական այլ պնդումների մի շատ վտանգավոր թեզի մասին բարձրաձայնեց, որն իրմեջ խորքային շերտեր է պարունակում՝ ակնհայտորեն հասարակությանը դնելով կոլեկտիվ պատասխանության լծի տակ։ Նա բառացի ասաց հետևյալը․ «Ես գիտեմ, ինչ է զգում և ինչ է մտածում մեր ժողովուրդը… եթե չիմանայի, չէի հայտնվի և չէի մնա վարչապետի պաշտոնում»։

Ասվածը, քաղաքական հռետորաբանության տեսանկյունից, դասական ինքնավստահության դրսևորում է, սակայն խորքային մակարդակում այն պարունակում է վտանգավոր գաղափարական ենթաշերտ։ Սա փաստացի ժողովրդի կամքի յուրացման դրսևորում է, իր այս ձևակերպմամբ Փաշինյանը պարզապես հղում չի կատարում ընտրական մանդատին, այլ հայտարարում ՝ ժողովրդի ներքին զգացումների և կամքի մեկնաբանության բացառիկ իրավունքի մասին։

Պատմականորեն նման մոտեցումներ կիրառել են Նապոլեոն Բոնապարտը և Խուան Պերոնը (Արգենտիանյի հայտնի պոպուլիստ նախագահը, ով իր տապալած կառավարման մեղքն ամբողջովին փաթաթել էր հասարակության վրա)։ Երկուսն էլ իրենց ներկայացրել են որպես ժողովրդի «իսկական կամքի» մարմնավորում՝ ընդդիմախոսներին ներկայացնելով ոչ թե որպես այլընտրանքային քաղաքական սուբյեկտներ, այլ որպես ժողովրդի դեմ կանգնած ուժեր։

Այդ դեպքերում, երբ պետության փաստացի ղեկավարը շարունակում է պաշտոնավարել և դա ներկայացվում է որպես ժողովրդի կամքի ապացույց, ստացվում է, որ տեղի ունեցած բոլոր իրադարձությունները՝ ռազմական պարտությունը, տարածքային կորուստները, անվտանգային ճգնաժամերը, արտաքին կախվածության խորացումը, դառնում են ժողովրդի ընտրության արդյունք (ցանկացել է՝ արել եմ․ եթե ժողովուրդը չցանկանա, ապա հեղփոխություն կանի)։

Ըստ էության՝ սրանք քաղաքական պատասխանատվությունից փախուստի դրսևորում է։ Փաշինյանն իր սխալ որոշումներն ու ողջ ձախողումները ներկայացվում են որպես ժողովրդի գիտակցված կամք կամ առնվազն ժողովրդի կողմից ընդունված իրականություն։ Ի դեպ՝ նման մեխանիզմ կիրառել է նաև Էրդողանը՝ տնտեսական կամ արտաքին ճգնաժամերը ներկայացնելով որպես ժողովրդի ընտրած ուղու գին։ Այս տրամաբանությամբ իշխանությունը դառնում է ոչ թե պատասխանատու սուբյեկտ, այլ ժողովրդի կամքի գործիք, իսկ գործիքի սխալները վերագրվում են հենց ժողովրդին։

Դասական առումով հայտնի է, որ ժողովրդավարության հիմքը հետևյալն է․ ժողովուրդը տալիս է մանդատ, իշխանությունը կրում է պատասխանատվություն։

Փաշինյանի խոսքում առկա է մի վտանգավոր ենթադրություն․ եթե ես մնացել եմ իշխանության, ուրեմն իմ քաղաքական գիծը ժողովրդի ցանկությունն է։ Այս տրամաբանությունը հանգեցնում է հետևյալ հետևությանը․ պարտությունները, կորուստները և ճգնաժամերը դառնում են ոչ թե իշխանության սխալների արդյունք, այլ ժողովրդի ընտրության արտահայտություն։

Քաղաքական մշակույթի տեսանկյունից սա խիստ ռիսկային ուղի է, քանի որ ժողովրդավարությունը չի նշանակում առաջնորդի և ժողովրդի միաձուլում։ Այն ենթադրում է հստակ տարանջատում՝ մանդատը ժողովրդինն է, պատասխանատվությունը՝ իշխանությանը, երբ այդ սահմանը վերանում է, ձևավորվում է առաջնորդակենտրոն կառավարման մոդել, որտեղ ժողովուրդը դառնում է իշխանության սխալների կրողը, իսկ իշխանությունը՝ ժողովրդի անունից անպատասխանատու գործիք»։

Աղբյուր՝ AntiFake.am