Բեռնում...
Սա միանշանակ քաղաքական հետապնդում է․ Նինա Կարապետյանցը՝ Սամսոնյանի ու Սաղաթելյանի կալանքի մասին․ Aysor.am
13-01-2026 12:16 | Լուրեր

Սա միանշանակ քաղաքական հետապնդում է․ Նինա Կարապետյանցը՝ Սամսոնյանի ու Սաղաթելյանի կալանքի մասին․ Aysor.am

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը կարծում է, որ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ կիրառված կալանքը որևէ իրավական հիմնավորում չունի, այն ունի բացառապես քաղաքական ենթատեքստ։

Aysor.am-ի հետ զրույցում Կարապետյանցը նշել է, որ կալանքի հարցում, որպես կանոն, դժվար է հստակ գնահատական տալ, քանի որ հանրությանը հասանելի չեն նախաքննության ընթացքում իրականացվող բոլոր գործընթացները, սակայն կան բացառիկ դեպքեր, երբ մեղսագրվող արարքն արդեն ավարտված է։

«Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեպքում այն, ինչ տեղի է ունեցել, արդեն տեղի է ունեցել։ Մարդկանց անազատության մեջ պահելու տրամաբանությունը զրոյի է հավասար։ Որևէ տրամաբանական կամ իրավական գնահատական տալ հնարավոր չի, բացի քաղաքական հետապնդումից»,- ասել է իրավապաշտպանը։

Նրա խոսքով՝ թեև ինքը չի կիսում տղաների արտահայտած մտքերի մեծ մասը, սակայն իրավական գնահատականի տեսանկյունից այլ կարծիք պարզապես չի կարող լինել։

«Բազմիցս ասել եմ ու հիմա էլի կկրկնվեմ․ ես տղաների մտքերի ճնշող մեծամասնության հետ հաշտ չեմ, չեմ կիսում։ Բայց իրավական գնահատականի տեսանկյունից սա միանշանակ քաղաքական հետապնդում է, այլ կարծիք լինել ուղղակի չի կարող»։

Նա հավելեց, որ մարդկանց պահում են կալանքի տակ պարզապես քմահաճությամբ։

«Սա նորարարություն չի, բայց այսպես կոչված «բարեփոխված» արդարադատության համակարգը նորից վերադարձել է այն նույն տրամաբանության մեջ, որն ունեցել ենք երկար տարիներ, քննադատել ու դատապարտել ենք»,- նշեց իրավապաշտպանը։

Խոսելով Նարեկ Սամսոնյանի հայտարարած անժամկետ հացադուլի մասին, Նինա Կարապետյանցը կոչ արեց դադարեցնել այն՝ մտահոգություն հայտնելով նրա առողջական վիճակի համար։

«Նարեկի հետ շատ հարցերում չլինելով համախոհ և Նարեկի համար չհանդիսանալով որևէ հեղինակություն, իմ կողմից պետք է խնդրեմ դադարեցնել հացադուլը։ Նա իսկապես լուրջ վնաս կարող է հասցնել իր առողջությանը։ Չեմ կարծում, որ որևէ մեկը կասկած կարող է ունենալ Նարեկի սկզբունքայնության վրա, սա այդ հարցը չի ու պայքարի այդ մեթոդը չի, որտեղ հացադուլն իսկապես օգտակար կլիներ»,- ասել նա։

Կարապետյանցը նաև ընդգծեց, որ գործող իշխանությունը և արդարադատության համակարգը անտարբեր են մարդու նկատմամբ։

«Այս իշխանությունը, իր արդարադատության ամբողջ համակարգը, խորապես անտարբեր են մարդու նկատմամբ։ Մարդիկ իրենց համար ընդամենը ռեսուրս են՝ քվեարկող գլխաքանակ։ Եվ մի հոգին, ով հաստատապես իրենց ձայն չի տալու, իրենց ընդհանրապես հետաքրքիր չի»,- նշել է իրավապաշտպանը։

Նրա խոսքով՝ Սամսոնյանն ունի պայքար, գաղափարներ ու նպատակներ, ուստի կարևոր է պահպանել առողջությունը։

«Նարեկը պայքար ունի, գաղափարներ ու մտքեր ունի, հետևաբար այդ պայքարը շարունակելու համար առնվազն պետք է լինել ողջ և առողջ»,- ասել Կարապետյանցը։

Վերջում նա ընդգծեց, որ արդարադատության համակարգը վաղուց ի վեր չի արձագանքում հացադուլներին։

«Արդարադատության համակարգն անհիշելի ժամանակներից ունի հետևյալ սկզբունքը․ հացադուլին չեն արձագանքում այն պատճառաբանությամբ, թե եթե հանկարծ մեկին արձագանքեն, ապա ամբողջ համակարգը դիմելու է հացադուլի։ Նրանք այդ խնդիրների լուծումները չեն կարողանալու տալ, հետևաբար հացադուլն իրենց համար բոլոր իրավիճակներում ընդունելի չէ։ Կարծում եմ՝ ավելի ողջամիտ կլինի դադարեցնել հացադուլը, իրենց գաղափարների համար պայքարելու ուժ ու կորով ունենալ»։

Աղբյուր՝ Aysor.am