Բեռնում...
Թուրքիան ցանկանում է մնալ պատերազմի սահմաններից դուրս. Հաքան Ֆիդան
16-03-2026 15:38 | Լուրեր

Թուրքիան ցանկանում է մնալ պատերազմի սահմաններից դուրս. Հաքան Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան փորձում է հեռու մնալ ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտությունից և չներգրավվել տարածաշրջանում տարածվող պատերազմում։

«Associated Press»-ին տված հարցազրույցում Ֆիդանը նշել է, որ ներկայում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների վերականգնման ուղղությամբ լուրջ նախաձեռնություններ դեռ չեն նկատվում։ Նրա խոսքով՝ Իրանում շատերը իրենց «դավաճանված» են զգում, քանի որ միջուկային բանակցությունների ընթացքում ենթարկվել են հարձակումների։

Ֆիդանը անդրադարձել է նաև այն տեղեկություններին, թե Իրանից արձակված բալիստիկ հրթիռ է մտել Թուրքիայի օդային տարածք։ Նրա խոսքով՝ իրանական կողմը պնդում է, որ Թուրքիային ուղղված հրթիռ չի արձակել։ «Մենք հասկանում ենք, որ կարող են լինել սադրանքներ, բայց մեր նպատակն է մնալ այս պատերազմի սահմաններից դուրս», — նշել է նա։

Թուրքիայի ԱԳ նախարարը նաև մեկնաբանել է տարածաշրջանային իրավիճակը՝ ընդգծելով, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի քաղաքականության պայմաններում Իսրայելը մշտապես նոր «թշնամիներ» է փնտրում։ Նրա խոսքով՝ եթե թիրախը Թուրքիան չլիներ, կընտրվեր տարածաշրջանի մեկ այլ երկիր։

Աղբյուր՝ AntiFake.am