Բեռնում...
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային
17-06-2026 19:58 | Լուրեր

Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեյ Վենսն իր նոր «Հաղորդություն. հավատքին վերադարձի իմ ուղու որոնումները» (Communion: Finding My Way Back to Faith) գրքում նշել է ռուսների շրջանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ցուցաբերվող աջակցության բարձր մակարդակի մասին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Պուտինի ժողովրդականությունը գնահատելու ցանկացած անկախ և օբյեկտիվ փորձ ցույց է տվել բարձր մակարդակի աջակցություն հասարակ ռուսների կողմից», – գրել է նա գրքում, որն ԱՄՆ-ում վաճառքի է հանվել հունիսի 15-ին։

Վենսը նշել է, որ 2024 թվականին Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցելու ժամանակ հանդիպել է «ռուս այլախոհի» հետ, որի անունը չի նշվում։ Վենսը, որն այդ ժամանակ ԱՄՆ սենատոր էր, հավելել է, որ այդ հանդիպման ժամանակ «ավելին է իմացել ռուսական պետության հոգեբանության մասին, քան ամերիկյան հրապարակումներ կարդալու շաբաթների ընթացքում»։ Նա նաև նշել է, որ, ի թիվս այլ բաների, ինքն էլ հետաքրքրվել է. «Ինչո՞ւ է Պուտինն այդքան ժողովրդականություն վայելում»։

Վենսը հայտնել է, որ համաժողովի հանդիպումներից մեկի ժամանակ ուշադրություն է դարձրել Պուտինի ժողովրդականության վրա և «անմիջապես քննադատության է ենթարկվել»։

Նա ընդգծել է. «Մյունխենը դարձել է մի վայր, որտեղ մարդիկ ընկղմվում էին մխիթարող ստերի մեջ՝ անհարմար ճշմարտությունների հետ առերեսվելու փոխարեն։ Սա հոգեբանական բավարարվածություն էր պարգևում, բայց խանգարում էր իմաստուն որոշումներ կայացնելուն»։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նաև կարծիք է հայտնել, որ նույնիսկ Կիևի ամենաեռանդուն կողմնակիցներն այժմ գիտակցում են ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային օգնելու կարողության սահմանափակումները:

Վենսը գրքում նշել է, որ 2024 թվականին Մյունխենի անվտանգության համաժողովին իր մասնակցության ժամանակ ԱՄՆ ղեկավարության վերաբերմունքն Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ հետևյալն էր. «Ընդունել, որ Միացյալ Նահանգների՝ Ուկրաինային օգնելու կարողությունը սահմանափակ էր, ինչպես այսօր խոստովանում են նույնիսկ Ուկրաինայի ամենաեռանդուն կողմնակիցները, ընդունել, որ Ամերիկան ​​չէր կարող միայնակ փակել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կրակային հզորության տարբերությունը, ընդունել, որ մեր երկիրը չէր կարող միակողմանիորեն կառավարել որևէ հակամարտության ընթացքն իր հայեցողությամբ՝ կնշանակեր ընդունել, որ իրենց կյանքի գործը ձախողվել է»։

Վենսը, որն այդ ժամանակ ԱՄՆ սենատոր էր, ընդգծել է, որ ինքը «ԱՄՆ ռեսուրսները շատ ավելի սահմանափակ» էր համարում, քան մյուս ամերիկացի օրենսդիրները «պատրաստ էին խոստովանել»։

Իր նոր գրքում Վենսը նաև պատմում է, թե ինչպես է դարձել կաթոլիկ, և կրոնն ինչպիսի ազդեցություն է թողել իր քաղաքական հայացքների վրա։

Աղբյուր՝ AntiFake.am