Բեռնում...
Washington Reporter-ն անդրադարձել է գործարար, բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի քաղաքական հետապնդմանը
08-08-2025 12:15 | Լուրեր

Washington Reporter-ն անդրադարձել է գործարար, բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի քաղաքական հետապնդմանը

Washington Reporter-ն անդրադարձել է գործարար, բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի քաղաքական հետապնդմանը

https://washingtonreporter.news/.../scoop-political...

Հոդվածի ամբողջական թարգմանությունը՝ ստորեւ

Սամվել Կարապետյանի քաղաքական հետապնդումն ստվեր է գցում Փաշինյանի՝ Վաշինգտոն կատարվող այցի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավաստիացնում է՝ պատմական խաղաղություն կհաստատվի երկու նախկին Խորհրդային երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև. Սպիտակ տան պաշտոնյան հաստատում է Washington Reporter-ին:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախատեսում են հանդիպել ուրբաթ օրը նախագահ Թրամփի հետ Սպիտակ տանը՝ ստորագրելու այս պատմական համաձայնագիրը։

Սակայն Հայաստանում՝ Վաշինգտոնից շուրջ 9,300 կիլոմետր հեռավորության վրա տեղի ունեցող հնարավոր քաղաքական հետապնդման սկանդալը հասել է ԱՄՆ մայրաքաղաք՝ մտահոգություններ առաջացնելով ինչպես Կոնգրեսում, այնպես էլ Թրամփի վարչակազմում:

Ցուցարարները բողոքի ակցիա են կազմակերպել այն հյուրանոցի մոտ, որտեղ գտնվում է ՀՀ վարչապետը, և Reporter-ի աղբյուրները հաղորդում են, որ ուրբաթ օրը նրանք կհավաքվեն նաև Սպիտակ տան առջև:

2025 թվականի հունիսին Նիկոլ Փաշինյանը սաստիկ քննադատության էր ենթարկել Հայ Առաքելական Եկեղեցուն, որը հայ ժողովրդի պատմական ինքնության անբաժան մասն է:

Սոցցանցերում արված գրառումներում նա քննադատել էր Եկեղեցուն և հոգևորականությանը՝ առաջարկելով ստեղծել «համակարգող խորհուրդ», որը նոր ընտրություններ կկազմակերպի Կաթողիկոս ընտրելու համար և դիմել ժողովրդին՝ աջակցելու այդ նախաձեռնությանը, քայլեր ձեռնարկելու՝ «ազատագրելու Կաթողիկոսարանը և կազմակերպելու նոր ընտրություններ»։ Մինչդեռ ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածը հստակ նշում է, որ կրոնական կազմակերպությունները «առանձնացված են պետությունից»։ Կրոնական ազատությունների փորձագետներից մեկը Reporter-ի հետ զրույցում նշում է. «Սա հայկական օրենքի բացահայտ խախտում է։ Վարչապետն իր պաշտոնական դիրքից հարձակվում է եկեղեցու վրա։ Սա ուղղակի սարսափելի է»։

2025 թ․ հունիսի 14-ին Սամվել Կարապետյանն իր ընտանիքի հետ ժամանել էր Հայաստան՝ վերջերս մահացած հոր հիշատակին նվիրված եկեղեցական արարողությանը մասնակցելու նպատակով։ Ըստ հայկական ավանդույթի՝ մահից 40 օր անց տեղի է ունենում հիշատակի արարողություն։ Եկեղեցական արարողությունից երեք օր անց Կարապետյանը հարցազրույց էր տվել լրագրողին, որի ընթացքում, որպես Հայ Առաքելական Եկեղեցու վաղեմի աջակից, իր մտահոգությունն էր հայտնել եկեղեցու և կառավարության միջև սրվող հարաբերությունների վերաբերյալ։

Նա իր աջակցությունն ու օգնելու պատրաստակամությունն էր հայտնել Եկեղեցուն նշելով, որ. «Եթե քաղաքական գործիչները ձախողեն, մենք մեր ձևով կմասնակցենք եկեղեցու դեմ տարվող արշավին»։

Կարապետյանի մերձավոր շրջապատից Reporter-ին տեղեկացրեցին, որ նա իրական մտահոգություններ ուներ և փորձում էր հեռու մնալ քաղաքականությունից։ Սակայն հարցազրույցից անմիջապես հետո վարչապետը Facebook-ում գրառում էր կատարել՝ ուղղակի սպառնալիքներ հնչեցնելով Կարապետյանի հասցեին։ Նա գրել էր․ «Սա Կալուգայի մարզի Նիժնի Տապր գյուղը չէ։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հուսով եմ՝ պետության համը քո բերանում կմնա»։ Կարապետյանի դաշնակիցները սա համարել են անձնական սպառնալիք, ինչպես նաև սպառնալիք նրա բիզնես շահերի նկատմամբ։

Վարչապետի գրառումներից հետո նույն օրը ՀՀ իրավապահները խուզարկություն էին իրականացրել Կարապետյանի երևանյան բնակարանում։ Դատարանը հետագայում այդ խուզարկությունը ճանաչեց ապօրինի։

Կարապետյանին ձերբակալել են՝ մեղադրելով հանրությանն ապօրինի իշխանազավթման հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ Հուլիս ամսին մերժվել է նրա՝ գրավով ազատ արձակումը։ Խուզարկության ընթացքում վարչապետը ևս մեկ գրառում էր կատարել Facebook-ում՝ ասելով․ «Դե, միջամտի՛ր, մարդ։ Ինչու՞ ես վախկոտի պես թաքնվում»։

Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է Reporter-ին. «Ակնհայտ է, որ վարչապետը Բայդենի տակտիկան է կիրառում Կարապետյանի դեմ։ Նրան խուզարկել ու դատապարտել են միայն իր խոսքի ազատության և Եկեղեցու պաշտպանությանը աջակցելու համար։ Սա մութ ամպ է նրա գլխին վաշինգտոնյան այցին ընդառաջ»։

Կարապետյանի փաստաբան Ջոզեֆ Հ․ Տիպոգրաֆը Reporter-ի հետ զրույցում ասում է. «Կարապետյանի դեմ հետապնդումը հիմնված է ոչ թե բռնության կամ դավադրության որևէ գործողության, այլ՝ խոսքի վրա։ Նրա դատական գործի հիմք են հանդիսացել հունիսի 17-ի հայտարարությունը՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու և քննադատությունը կառավարության հասցեին։ Դրանից անմիջապես հետո վարչապետը վրեժխնդրության խոսքեր պարունակող գրառումներ է կատարել, որին հաջորդել է խուզարկությունը և ձերբակալությունը։ Նրան մեղադրում են իշխանազավթման կոչերի և ֆինանսական հանցագործությունների մեջ՝ առանց որևէ փաստական ապացույցի»։

Կարապետյանի ձերբակալությունից մի քանի ժամ անց Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը մտադիր է ազգայնացնել ՀԷՑ-ը՝ այն ընկերությունը, որը Կարապետյանի «Տաշիր» խումբը ղեկավարում է 2015-ից ի վեր։ Ընդդիմախոսները, այդ թվում՝ Կարապետյանի ընտանիքը, դատական հայցով պնդում են, որ ՀՀ կառավարության գործողությունները «կամայական, խտրական, քաղաքականապես մոտիվացված են և ուղղված են Կարապետյանների ընտանիքից ՀԷՑ-ը խլելուն»։

Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրն ասել է Reporter-ին. «Սա Թիշ Ջեյմսի մոտեցման ուղիղ արտացոլումն է. քրեականացնել ընդդիմախոսին, ինչպես Թրամփի հետ արեցին։ Հետո փորձել բռնագրավել նրանց բիզնեսներն ու ակտիվները։ Մարքսիզմ է թվում ցանկացած խելք ունեցողին»։

Կարապետյանի փաստաբան Տիպոգրաֆը հավելել է․ «Հայաստանի կառավարությունն ուզում է արագացված խորհրդարանական գործընթացով բռնագրավել Կարապետյանի էներգետիկ ընկերությունը՝ ՀԷՑ-ը։ Նրա հետապնդումն ունի կանոնակարգային ճնշման և քաղաքական հաշվեհարդարի բոլոր նշանները։ Դատարանի կողմից նրա` արդար դատավարության մերժումն էլ վկայում է Հայաստանի ժողովրդավարական հիմքերի և դատական անկախության խաթարման մասին»։

Այս խնդիրները հասել են նաև ԱՄՆ Կոնգրես։ ԱՄՆ սենատորներից մեկի ավագ օգնականը Reporter-ին ասել է. «Հայաստանը մեծապես կախված է ԱՄՆ-ից։ Եվ երբ Հայաստանն իրեն ավելի շատ պահում է որպես Սովետական Միություն, քան ազատ երկիր, ավելի քան մեկ սենատոր մտածում է, որ մենք պետք է վերանայենք ԱՄՆ-Հայաստանի փոխհարաբերությունները»։