Բեռնում...
Էս ի՜նչ արհավիրք բերեց էս մարդը մեր ժողովրդի գլխին. Արմինե Օհանյանը՝ Փաշինյանի մասին
30-11-2025 17:45 | Կարծիք

Էս ի՜նչ արհավիրք բերեց էս մարդը մեր ժողովրդի գլխին. Արմինե Օհանյանը՝ Փաշինյանի մասին

Արմինե Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ինչքան պետք է մարդը ճղճիմ ու չար լինի, որ ոչ թե իր երկրի բարեկեցության, զարգացման, առաջընթացի համար պայքարի, այլ...պատարագի տեքստից ինչ որ կտորներ հանելը դարձնի իր գերնպատակը...ուղղակի մարդ սարսռում է էն մտքից, թե ինչքան խորն ու անդառնալի է անկումը...

Ողջ էներգիադ, ռեսուրսներդ, իշխանական լծակներդ օգտագործես մենակ չարիք գործելու, մարդկանց իրար դեմ հանելու, հասարակությունը պառակտելու համար...

Ոչ մի դրական ազդակ, ոչ մի հանրօգուտ գործ, ոչ մի բարի բան չփոխանցես քո շրջապատին, քո ժողովրդին, քո երկրին: Մենակ պառակտում, լաց, ավեր, կորուստներ, հանրության նյարդը գրգռող, առողջությունը, տեսակը վտանգող արարքներ: Անընդհատ ստեղծես իրավիճակներ, որ մարդիկ իրար հայհոյեն, անիծեն, բանակների բաժանված իրար միս կրծեն:

Անգամ եկեղեցու ներսում կոնֆլիկտ հրահրես, յուրային և թշնամի քրիստոնյաների բանակներ ձևավորես: Շրջիկ հավատացյալների խմբիդ առած հերթով վանքերը պղծես ու անընդհատ բախումների ու արյունահեղության ռիսկեր առաջացնես քո երկրում...

Չթողնես, որ մարդիկ խաղաղ ու ներդաշնակ զգան իրենց, հանգստյան օրեր ունենան, աշխատանքային նորմալ շաբաթ, աշխատեն, արարեն, բարիք ստեղծեն: Վերջապես` համախմբված լինեն, որ արտաքին վտանգների դեպքում էլ իրենց երկիրը կարողանան պաշտպանել, որ կարողանան համատեղ ինչ որ գործեր նախաձեռնել, մասնակցել երկրի համար օգտակար ինչ որ նախաձեռնությունների...մի տեղ անտառն է այրվում, մյուս տեղում օդի աղտոտման խնդիր կա, երրորդում` հանցագործի ձեռքն է պետք բռնել, կամ պետական որևէ կառույցի հետ համագործակցել...էս չարացած, միմյանց ատող, մշտական սթրեսի մեջ գտնվող մարդիկ ո՞նց կարող են իրենց երկրի լիարժեք քաղաքացիներ լինել...

Էս ի՜նչ արհավիրք բերեց էս մարդը մեր ժողովրդի գլխին: Եվ ամենաահավորն այն է, որ մեր ամենամեծ կորուստն Արցախն ու զոհերը չեն, այլ էս չարությունը, ատելությունը, մարդկային դեմքի ու մարդկային հասարակություն կոչվելու իրավունքի կորուստը: Այս անձը հստակ որոշում ունի մեզ` որպես հանրություն ոչնչացնել և դրա համար կիրառում է պետություն կոչվող կազմակերպության բոլոր հնարավորությունները, որը բոլորովին այլ առաքելություն ունի...և որի սեփականատերն ինքը չէ, այլ մենք` բոլորս»:

Աղբյուր՝ AntiFake.am