Երբ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին տուն են ներխուժում առավոտ բարիլուսով հատուկ ջոկատայինները, ի՞նչ անվտանգային հարց են լուծում
ԱԱԾ հատուկ ստորաբաժանումները երբվանի՞ց են մահակ, գործիք դարձել՝ մարդկանց սպառնալու և վախի մթնոլորտ տարածելու համար, եթե խոսքը ահաբեկչության, պետական անվտանգության մասին չէ, այլ՝ ստատուսի համար մարդուն գետնին պառկեցնելու։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Աննա Գրիոգորյանը՝ դիմելով ԱԱԾ տնօրենի տեղակալ Եսայի Մկրտչյանին։
«Վերջերս տարբեր քրեական գործերի շրջանակներով մեկ էլ տեսնում ենք՝ ԱԱԾ հատուկ ստորաբաժանումները իրականացնում են այնպիսի գործողություններ, որոնք հարիր չեն ծառայության գործառույթին»,- նշեց Գրիգորյանը՝ հիշատակելով Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությունը և հետաքրքրվեց՝ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում է ԱԱԾ ստորաբաժանումը նման լիազորություն իրականացնում։
ԱԱԾ տնօրենի տեղակալը նշեց, որ ԱԱԾ-ն իր իրավասության սահմաններում ապահովում է անձի, հասարակության և պետության անվտանգությունը և իր գործառույթներն իրականացնելիս առաջնորդվում է օրինականության, ժողովրդավարության, օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքներով։
«Հիմա խնդրում եմ ձեր ասածի տրամաբանության մեջ գնահատեք՝ գրառման համար հատուկ ջոկատայինները երբ մարդուն գետին են պառկեցնում, կամ երբ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին տուն են ներխուժում առավոտ բարիլուսով հատուկ ջոկատայինները, խնդրում եմ ինձ ներկայացրեք, թե կոնկրետ այդ անձինք պետությանը ինչպիսի սպառնալիք էին ներկայացնում, որ օրինակ սովորական ոստիկանական ուժերի ծանուցմամբ ներկայանալու տրամաբանությունը չի գործել։ Այսինքն, ուզում եմ հասկանալ, թե այդ երբվանից է ԱԱԾ հատուկ ստորաբաժանումները դառնում ուղղակի գործիք, մահակ, մարդկանց սպառնալու և վախի մթնոլորտ տարածելու համար՝ եթե խոսքը չի վերաբերում ահաբեկչությանը, պետական գլոբալ անվտանգությանը, այլ խոսքը ստատուսի համար մարդուն գետնին պառկեցնելու մասին է»,- արձագանքեց Աննա Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է ԱԱԾ պաշտոնյաների՝ Բաքու այցի մասին հարցադրմանը, թե ինչ արդյունքներով են վերադարձել՝ հստակ պատասխան չտրվեց։
Աղբյուր՝ AntiFake.am