Բեռնում...
Ինչո՞ւ է իշխանությանը հաջողվել հաստատել կարծր ավտորիտար ռեժիմ, բավական է համեմատել, թե ինչպես էին նույն հ/կ-ներն անդրադառնում «Հաց բերողի» եւ Նարեկ Սամսոնյանի հացադուլներին. Արամ Աբրահամյան
20-01-2026 21:57 | Լուրեր

Ինչո՞ւ է իշխանությանը հաջողվել հաստատել կարծր ավտորիտար ռեժիմ, բավական է համեմատել, թե ինչպես էին նույն հ/կ-ներն անդրադառնում «Հաց բերողի» եւ Նարեկ Սամսոնյանի հացադուլներին. Արամ Աբրահամյան

Անկախ Հայաստանի 34-ամյա պատմության մեջ եղել է ամեն ինչ՝ ե՛ւ քաղաքական սպանություններ, ե՛ւ քաղաքական հետապնդումներ, ե՛ւ հոկտեմբերի 27, ե՛ւ մարտի 1: Այդ բոլոր ողբերգական իրադարձություններին, ի դեպ, չի տրվել ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական գնահատական: Բայց այն, ինչ անում է ներկայիս իշխանությունը, Հայաստանի որեւէ ժամանակաշրջանի հետ համեմատելի չէ: Երբեք Երրորդ հանրապետության պատմության մեջ շինծու, մտացածին, անհեթեթ մեղադրանքներով ազատազրկված չեն եղել ՀԱԵ 4 եպիսկոպոսներ: Երբեք բարձրագույն իշխանության ներկայացուցիչները հրապարակավ իրենց թույլ չեն տվել անպատկառ արտահայտություններ Վեհափառի եւ այլ հոգեւորականների հասցեին: Երբեք դատարանը չի քննարկել կաթողիկոսի կադրային նշանակումները: Երբեք խորհրդարանում անվտանգության ուժերը պատժիչ գործողություններ չեն իրականացրել լրագրողների դեմ, այն էլ՝ որոշակի պարբերականությամբ: Էլ չշարունակեմ: Ինչո՞ւ է իշխանությանը հաջողվել հաստատել մեր երկրում կարծր ավտորիտար ռեժիմ եւ այդուհանդերձ շարունակում է համարվել «ժողովրդավարության բաստիոն»: Եվրոպական կառույցների եւ դրանցից սնվող հայաստանյան հ/կ-ների մասին շատ է խոսվել: Բավական է համեմատել, թե ինչպես էին այդ հ/կ-ներն անդրադառնում Արթուր Սարգսյանի (ամենայն հարգանքով «Հաց բերողի» հանդեպ) եւ Նարեկ Սամսոնյանի հացադուլներին: Որոշակի բացառություն են կազմում այսօր լրագրողական հ/կ-ները, որոնք անդրադառնում են, օրինակ, ԱԺ-ում կատարվող «բեսպրեդելին»:

Բայց մեղադրել միայն, Փաշինյանի ձեւակերպմամբ, «եվրոյոնջաներին» եւ նրանց հ/կ-ներին, կարծում եմ, սխալ է, ամբողջական պատկերը չի տալիս: Եթե ավելի լայն մոտենանք խնդրին, ապա կտեսնենք, որ ժողովրդավարությունն ընդհանրապես գրեթե դուրս է եկել հայաստանյան քաղաքական եւ հասարակական օրակարգից, ի տարբերություն 1990-ականների: Սոցիալական հարցումների համաձայն՝ ժողովրդավարությունը մեր քաղաքացիների համար բացարձակապես առաջնահերթություն չէ եւ էականորեն զիջում է անվտանգության եւ նյութական խնդիրներին: Անկախ հայացքներից՝ մեր քաղաքացիների մեծ մասը երազում է «հայրենասեր», «ժողովրդի մասին մտածող» (այսինքն՝ ժողովրդին լավ կերակրող) լիդերի մասին: Պարզապես Փաշինյանի կողմնակիցների համար նման առաջնորդը հենց ներկայիս վարչապետն է, իսկ չհամակրողների համար նա այդպիսին չէ: Բայց, սովորաբար ավելացնում են վերջիններս՝ «մենք ոչ մեկին որպես նման առաջնորդ չենք տեսնում»:

Քաղաքական ուժերը, մանավանդ ընտրություններից առաջ, որպես կանոն, չեն ցանկանում «կողմնորոշել» իրենց ընտրողներին դեպի ժողովրդավարություն, դեպի ժողովրդավարական համակարգ: Հավանաբար, կարծում են, որ «դրա վախտը չի»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ