Բեռնում...
Զելենսկին հայտնել է մարտի սկզբին ԱՄՆ-ի և ՌԴ-ի հետ եռակողմ հանդիպման մասին
25-02-2026 16:37 | Լուրեր

Զելենսկին հայտնել է մարտի սկզբին ԱՄՆ-ի և ՌԴ-ի հետ եռակողմ հանդիպման մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ փետրվարի 26-ին Ժնևում տեղի կունենա ուկրաինական պատվիրակության հանդիպումը ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ, իսկ մարտի սկզբին արդեն տեղի կունենա եռակողմ հանդիպում ռուսական կողմի մասնակցությամբ։ Այս մասին հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդա» պարբերականը։

Լրագրողների հետ օնլայն հանդիպման ժամանակ Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ առավոտյան հանդիպում է անցկացրել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար և ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովի հետ։

«Նա վաղը հանդիպում կունենա ամերիկացի բանակցողներ Ուիթքոֆի և Քուշների հետ», – ասել է Զելենսկին։

«Երկրորդ հարցը՝ նախապատրաստվելու են եռակողմ հանդիպման, որն արդեն կլինի Ռուսաստանի հետ և, մեր կարծիքով, տեղի կունենա մարտի սկզբին», – հավելել է նա։

Նա նշել է, որ Ումերովի առջև խնդիր է դրել քննարկել ռազմագերիների հաջորդ փոխանակման մանրամասները։

Ումերովի հետ Ժնևում նախատեսվող հանդիպման մասին փետրվարի 24-ին հայտնել էր նաև Ուիթքոֆը։ Նա նաև հնարավոր էր համարել ԱՄՆ-Ուկրաինա-ՌԴ եռակողմ բանակցությունների անցկացումն առաջիկա 10 օրվա ընթացքում։

Աղբյուր՝ AntiFake.am